ՀՀ գլխավոր դատախազության դիմաց «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» նախաձեռնող խումբը երեկ բողոքի ակցիա էր իրականացնում՝ պահանջելով արդարության վերականգնում: Հայաստանում տարիներ շարունակ անընդհատ անհնազանդության ցույցեր են եղել, ընդվզումներ, սակայն այս ակցիան լիովին տարբերվում էր նախորդներից թե՛ իր «գաղափարակիցներով», և թե՛ մասնակիցներով: Այս անգամ էլիտայից կազմված բողոքի ակցիայի ականատեսը եղանք:
Բացի նրանից, որ ՀՀ 2-րդ նախագահի ազատության համար պայքարի էին դուրս եկել ճոխ հագնված, թանկարժեք հեռախոսներով խմբեր, նրանց շարքերում էր նաև «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ Լիանա Մանուկյանը՝ «Էնպե՜ս ծափ տվեք, որ ամբողջ Հայաստանն իմանա, որ տեղի է ունենում ՕԵԿ-ի հանրահավաքը» հայտնի խոսքերի հեղինակը:
Մանուկյանը, կարելի է ասել, Քոչարյանի համար մղվող պայքարի առաջամարտիկներից էր: Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ՕԵԿ-ից դուրս է եկել Երևանի ավագանու՝ այս տարվա ընտրություններից հետո. «Դիմում եմ գրել և հեռացել ՕԵԿ-ից, քանի որ այն արդեն սպառել է իրեն, իմաստ չկար էլ մնալ այդտեղ: Ես ՕԵԿ-ից նեղացած եմ դուրս եկել, իսկ պատճառները թող գաղտնի մնան, քանի որ հիմնականում դա կապված է հենց կուսակցության առաջնորդի հետ: Այժմ ես «Ազգային արժեքների պահպանություն» ՀԿ ղեկավարն եմ և պայքարում եմ Ռոբերտ Քոչարյանի ազատության համար»:
Մեր այն դիտարկմանը, թե ինչու է որոշել այժմ կանգնել Ռոբերտ Քոչարյանի կողքին, չէ՞ որ ՕԵԿ-ն այնքան էլ միանշանակ չի ընդունել Քոչարյանին, իսկ ինքը 2 ամիս առաջվա դրությամբ ՕԵԿ-ի գաղափարների կրողն է եղել, Լիանա Մանուկյանը մանրամասնեց. «ՕԵԿ-ին դնենք մի կողմ, Ռոբերտ Քոչարյանը միակ նախագահն է եղել, որի ժամանակ ես շատ լավ եմ ապրել, ճիշտ է դպրոցական եմ եղել, բայց բավականին լավ եմ ապրել: Քոչարյանն իր խոսքի տեր մարդ է»:
Վերջում Մանուկյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող դատավարությունն ուղղորդվում է ներկայիս իշխանության կողմից, ինչի դեմ նա անընդհատ պայքարելու է:
Արմինե Միքայելյան