Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այս պահին քննում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա հաստատեց՝ միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Սակայն մեղադրանքի վերաբերյալ այս պահին որևէ բան չցանկացավ հայտնել՝ նշելով, որ այդ մասին առաջիկայում տեղեկատվություն կտրամադրվի։
Մեր տեղեկություններով, այս գործն առնչություն ունի Մարտի 1-ի հետ։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։
Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:
Արմեն Գևորգյանին մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թ․ փետրվարից մինչև 2008 թ․ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը:
Սոնա Հարությունյան