ՀՀ քննչական կոմիտեում ստացվել եւ վարույթ է ընդունվել առերեւույթ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Երեւանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքի՝ 1965 թվականին ծնված բնակչուհու հետ, վերջինիս աղջկան նույն դպրոցում որպես դասվար հրամանագրելու համար 2013 թվականի օգոստոսին պահանջել եւ ստացել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:
Բացի այդ, թիվ 192 հիմնական դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2013 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում դպրոցի լաբորանտի եւ հոգեբանի հաստիքներում աշխատանքի է ընդունել Ա. Գ.-ին, ով փաստացի աշխատանքի չի հաճախել, իսկ վերջինիս անվամբ դուրս է գրվել 1.161.679 դրամ աշխատավարձ: Այսպիսով՝ տնօրենի կողմից առերեւույթ վատնվել է իրեն վստահված 1.161.679 դրամ գումարը:
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: