Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ արդեն 10 օր դասադուլ է: Նրան ուղեկցում էին ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Բանն այն է, որ շուրջ մեկ ամիս է, ինչ այստեղ կրքերը չեն հանդարտվում։ Դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները դեմ են նոր ընտրված տնօրենին. նրանք պահանջում են երկարաձգել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը: Նրանց պնդմամբ՝ նոր տնօրենի ընտրությունը կատարվել է խախտումներով, մարզպետարանի միջամտությամբ՝ ոչ արդար ընտրության արդյունքում, քանի որ խորհուրդը, որն ընտրել է տնօրենին, եղել է ուղղորդված:
Ֆեյսբուքի իր էջում խնդրի հետ կապված գրառում է կատարել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոսա Պետրոսյանը․ «Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց և հանդիպում կունենա բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների և ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես օրենքի գերակայության պահանջներին խիստ համապատասխան: Մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին՝ չխախտել երեխաների կրթության իրավունքը և զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց, իսկ բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանը ներկայացնող քաղաքական գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված իրավական գործընթաց է: Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես օրենքով սահմանված նորմերի կիրարկմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից և խմբակային շահերից»,- գրել է մարզպետը։
ԼՈւՐԵՐ․com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գործող տնօրեն Լուսինե Կարապետյանը տնօրենների հավաստագրման քննությանը մեկ միավորով զիջել է մեկ այլ թեկնածուի՝ Աննա Բալյանին, որն էլ պատրաստվում է ստանձնել դպրոցի տնօրենի պաշտոնը։ Սակայն վերջինիս ներկայացրած ծրագիրը բողոքողները չեն ընդունում։
Սոնա Հարությունյան