Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում տիրող իրավիճակն օրեցօր ավելի է վատանում: Աշխատանքից ազատվելու դիմումներ գրած ուսուցիչներն ու հեռացած աշակերտները ոչ միայն հետ չեն վերադառնում, այլև դպրոցից հեռացող աշակերտների թիվը գնալով ավելի է շատանում: Դպրոցում իրենց աշխատանքը շարունակող ուսուցիչների մի մասն էլ, ըստ երևույթին, հույս ունի՝ հին տնօրենը կշարունակի պաշտոնավարել, այդ հույսով էլ դեռ դիմում չեն գրում։
Տեղեկությունները ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում այս պահին աշխատող ուսուցիչներից մեկը (անունն իր ցանկությամբ չենք հրապարակում).
«Ուսուցիչները, որոնք աշխատանքից հեռանալու դիմումներ են գրել, դրանք հետ չեն վերցրել։ Իրենց հետ փորձել են զրուցել, համոզել, որ հետ վերադառնան, բայց չեն համաձայնել: Նույնը նաև աշակերտների դեպքում է, նրանք ոչ միայն չեն վերադառնում դպրոց, այլև ընդհակառակը, Նիկոլ Փաշինյանի այցից հետո իրավիճակն ավելի է սրվել: Լուծման տարբերակից չբավարարված ծնողները սկսեցին կտրուկ քայլերի գնալ, մինչև ուշ ժամի երեխաների անձնական գործերն էին վերցնում՝ այլ դպրոց տեղափոխելու նպատակով»,- ասաց գործող ուսուցիչը՝ նշելով, որ ծնողների կողմից երեխաների փաստաթղթերը վերցնելու գործընթացը մինչև այժմ էլ շարունակվում է:
Մեր զրուցակցի խոսքով՝ դպրոցը բնականոն ընթացքի մեջ չէ, դասապրոցեսը խաթարվել է՝ դպրոցից դուրս եկած ուսուցիչների և դպրոցի կեսից ավելի աշակերտների դասի չներկայանալու պատճառով. «Դասարանները կիսադատարկ են: Կան նաև դասարաններ, որ ընդհանրապես չեն ներկայանում: Ստիպված 3 դասարան միացնում ենք իրար, դաս անում»,- նշեց նա:
820 աշակերտ ունեցող դպրոցում դասերի է հաճախում մոտավորապես 200-300 աշակերտ։ Ուսուցիչներին ու աշակերտների ծնողներին չի գոհացրել կառավարության որոշումը ու հայտարարությունը, թե դասադուլ անող ուսուցիչներն ու աշակերտները հեղափոխական տարերքի, էյֆորիայի տակ են։
Սոնա Հարությունյան