Քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և ինքնասպանության փորձի հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, մեղադրանք է առաջադրվել կնոջ նախկին ամուսնուն: Այդ մասին տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, տղամարդը՝ ծնված 1981 թվականին, գնացել է 1979թ. ծնված նախկին կնոջ բնակարան, նրան մեղադրել դավաճանության մեջ, խանդի հողի վրա վիճաբանել է նրա հետ, ծեծի ենթարկել, ապա նաև՝ խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ դեմքին, ուսերին, ձախ բազկին, նստատեղին, որովայնին և կրծքին, այնուհետև կտրելով էլեկտրական մալուխը՝ հոսանքահարել է նրան, ապա՝ մկրատով կտրել մազերը:
Արդյունքում՝ կնոջը պատճառվել է «որովայնի, իրանի, ձախ զստոսկրի կատարի, վերին և ստորին վերջույթների ճանկռվածքներ, արյունազեղումների, ծակած-կտրած վերքերի և ձախ բազկի շրջանի կտրած վերքերի ձևով վնասվածքներ», ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:
Բացի այդ, 2017թ. հուլիսի 11-ին տղամարդը կրկին գնացել է կնոջ բնակարան, վիճաբանել նրա հետ, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս գլխին, իսկ առավոտյան նրան տարել է Սևանա լճի մի ամայի լողափ, որտեղ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա թևերի և կրծքի հատվածներին՝ պատճառելով «աջ ականջախեցու շրջանի սալջարդ, զույգ վերին վերջույթների, ձախ կրծքագեղձի շրջանների կտրած վերքեր»:
Արդյունքում՝ 37-ամյա տղամարդն իր վերոնշյալ գործողություններով նախկին կնոջը հասցրել է ինքնասպանության փորձի: Մասնավորապես, դրսևորած վերաբերմունքի և արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու արդյունքում կնոջ մոտ ձևավորվել է «իրավիճակային դեպրեսիվ ձգձգվող խանգարում»: Գտնվելով խիստ ընկճված վիճակում, ստորացված և նվաստացած զգալով՝ 2017թ. հուլիսի 13-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, կինը փորձել է ինքնասպան լինել՝ տունը հրկիզելու եղանակով: Սակայն կնոջ նախկին ամուսինը մարել է բռնկված հրդեհը՝ նրան առաջարկելով ինքնասպան լինել իր բացակայությամբ՝ միաժամանակ, նրանից պահանջելով գրել գրություն՝ նշելով, թե որևէ մեկը մեղավոր չէ նրա ինքնասպանության համար, որից հետո հեռացել է: 39-ամյա կինը մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջինիս եղբայրը թույլ չի տվել՝ ժամանակին օգնության հասնելով քրոջը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: