Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ասել է, թե չի կարծում որ 2018-ի ապրիլյան իշխանափոխության պատճառը միայն Սերժ Սարգսյանի առաջադրումն էր վարչապետի պաշտոնում։ Մեդիամաքսի հետ հարցազրույցից հատված՝ ստորև։
- Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլին, պայմանավորված էր Սերժ Սարգսյանի՝ փաստացի երրորդ ժամկետին գնալու որոշմամբ: Դուք կարևոր պաշտոններ եք զբաղեցրել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, երբևէ նրա հետ քննարկե՞լ էիք այդ երրորդ ժամկետի թեման:
- Ես չեմ կարծում, թե ապրիլյան իշխանափոխությունը, հեղափոխությունը, ինչպես կուզեք, պայմանավորված էր միայն ձեր նշած պատճառով՝ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելով։ Ըստ իս, պատճառները շատ ավելի խորքային են, շատ ավելի բազմաշերտ։ Իհարկե, Սերժ Սարգսյանի` այսպես կոչված երրորդ ժամկետը դարձավ այն պահը, կայծը, որը հանգեցրեց համընդհանուր պոռթկման։ Բայց պետության հեռանկարի տեսակետից կարևոր է հասկանալ կատարվածի պատճառների ողջ խորությունը։ Սա կարևոր է հասարակության համար, այսօրվա և հետագա իշխանությունների համար։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի առաջադրմանը, ապա այդ որոշումը կայացվել է Հանրապետական կուսակցության ներսում, որի անդամ չեմ հանդիսանում և բուն քննարկումներին չեմ մասնակցել: Իհարկե, եղել են տարբեր առիթներ, երբ քննարկել ենք իրավիճակը երկրում, հնարավոր լուծումները՝ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, արտաքին մարտահրավերները և այլն։ Բայց որոշումը կայացվել է այլ ձևաչափում։ Քանի որ դեռ ամեն ինչ բավական թարմ է, չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը և Կարեն Կարապետյանը ցանկություն կունենան հասարակությանը տեղեկացնել այն քննարկումների մասին, որ իրենք ունեցել են: Երևի, ժամանակի ընթացքում որոշ փակագծեր կբացվեն:
Անձնական տպավորությունս այն է, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո իշխանության ներսում այսպիսի տրամադրություն ձևավորվեց. հիմնական խնդրահարույց հանգրվանն անցել ենք, հասարակությունն ընդունել է «խաղի կանոնները», և կարելի է շատ էական և լուրջ փոփոխությունների չգնալ, այդ թվում՝ անհատների մասով:
Փորձ արվեց կոնսերվացնել թե՛ հանրային տրամադրությունները, թե՛ բուն խնդիրները։ Ըստ իս՝ հենց այդ փուլում իշխանությունը սկսեց սրընթաց կտրվել հասարակությունից, և հետադարձ կապի խողովակները անթույլատրելիորեն նվազում էին։ Կարծում եմ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները իշխանությունները ճիշտ չընկալեցին։ Անցումային ժողովրդավարության և դեռևս ոչ շատ ամուր քաղաքական և քաղաքացիական ինստիտուտների պարագայում ստացած քվեների քանակը և հանրային տրամադրությունների վիճակը կարող են տարբեր լինել։ Իշխանությունը, կարծում եմ, վրիպեց հենց այդ հարցում։ Բայց սա միայն անցյալի խնդիրը չէ, սա խնդիր է նաև ապագայի համար։ Եվ դրանով է կարևոր։ Այսօրվա և ապագայի իշխանությունները ևս կարող են կանգնել նույն վրիպման վտանգի առաջ։ Կարծում եմ՝ կարողացա հստակ ձևակերպել ասելիքս։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք Mediamax.am կայքում։