Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ-ը հայտարարեց Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի և այդ երկրից ամերիկյան ԶՈւ-ի անհապաղ դուրսբերման մասին: Մասնավորապես, ԱՄՆ նախագահը, համաձայն նախընտրական շրջանում տված խոստմանը, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.«Մենք հաղթել ենք ԻՊ-ին Սիրիայում, որը միակ պատճառն էր Թրամփի նախագահության շրջանում մեր այնտեղ գտնվելու»: Ավելի ուշ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը սկսել է իր անձնակազմի դուրսբերումը Սիրիայից: «Այդ հաղթանակը, սակայն, չի նշանակում, որ կոալիցիան դադարեցնում է իր գործողությունները Սիրիայում: Մենք վերադարձնում ենք մեր զորախումբն ԱՄՆ և նախապատրաստվում ենք գործողությունների հաջորդ փուլին»,- նշել է Սանդերսը: Մի շարք աղբյուրների հավաստմամբ՝ շուրջ 2000 ամերիկացի զինվորականների անհապաղ և ամբողջական դուրսբերումը տևելու է 30-100 օր: ԱՄՆ-ի նախագահի որոշումը, որը մեծ հավանականությամբ կայացվել էր Սպիտակ տան՝ արտաքին քաղաքական թիմի բավական նեղ շրջանակի կողմից, հանգեցրեց մի քանի կարևոր ոլորտային պատասխանատուների՝ Պաշտպանության նախարարի, Հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցչի հրաժարականներին:
Սիրիայից դուրս գալու պատճառները
2014թ. սեպտեմբերից ԱՄՆ-ի փաստացի ներկայությունը Սիրիայում ընդգրկում էր Արաբական Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան՝ հիմնականում քրդերի կողմից վերահսկվող շրջաններն, ինչպես նաև հարավում՝ Իրաքին և Հորդանանին սահմանամերձ գոտում գտնվող ալ-Թանֆ ռազմաբազան. Սիրիայում ամերիկյան տարաբնույթ ռազմական օբյեկտների թիվը հասնում է շուրջ 1 տասնյակի:
Ընդհանուր առմամբ, և հատկապես սիրիական հիմնախնդրի շրջանակում տեղ գտած վերջին 1 տարվա զարգացումների համատեքստում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հռչակված «հաղթանակից» հետո, ամերիկյան հատվածային ներկայությունը Սիրիայի տարածքում առավելապես զսպող, մասամբ հավասարակշռող նշանակություն ուներ հակամարտությանը ներգրավված բոլոր դերակատարների համար. այդ հանգամանքը և ամերիկյան շահերի առկայությունը հաշվի էր առնվում հիմնախնդրի ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական հարթություններում տեղ գտած գործընթացներում: Այդուհանդերձ, հարկ է փաստել, որ Վաշինգտոնը հիմնականում դուրս էր մնացել կամ առավելագույնը՝ դիտորդի կարգավիճակում էր հիմնախնդրի հետ կապված առանցքային գործընթացներում, որոնց լոկոմոտիվն Աստանայի ձևաչափի եռյակն է՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: 2017թ. սկզբից ի վեր հատկապես այս ձևաչափի շրջանակներում փոխհամաձայնեցված ակտիվ ջանքերի արդյունքում սիրիական կառավարական ուժերին հաջողվեց վերադարձնել վերահսկողությունը երկրի զգալի հատվածի նկատմամբ, բացառությամբ ԱՄՆ-ի, Թուրքիայի ազդեցության գոտի հանդիսացող, ինչպես նաև տարաբնույթ ընդդիմադիր խմբավորումների տեղակայման շրջանը համարվող(Իդլիբ նահանգը) հյուսիսային որոշ հատվածների: Իսկ հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացում Ժնևի ձևաչափի հանդեպ ակնհայտ առավելություն արձանագրած Աստանայի հարթակում ԱՄՆ-ն ընդամենը դիտորդի կարգավիճակում էր՝ սահմանափակվելով դեսպանի մակարդակով մասնակցությամբ:
ԱՄՆ-ի գործող վարչակազմի իներտ և ոչ նախաձեռնողական մոտեցումը հատկապես սիրիական հակամարտության շրջանակներում տեղ գտած վերջին զարգացումների համատեքստում, երբ տարբեր դերակատարների ազդեցության գոտիներն արդեն խիստ մոտեցել էին իրար, հաճախ հանգեցնում էր Վաշինգտոնի հեղինակությանը սպառնացող հետևանքների՝ ընդ որում, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի ծրագրերի և գործողությունների հարթությունում՝ հավելյալ լարվածություն առաջացնելով կողմերի միջև: Հետևաբար, նման իրավիճակում և որդեգրված ռազմավարության շրջանակում Սպիտակ տան՝ Սիրիայից դուրս գալու որոշումն իր ձևով տեղավորվում է հայտնի ռազմական կանխադրույթի տրամաբանության մեջ՝ «Եթե ցանկանում ես խուսափել պարտությունից և կորուստներից, հայտարարիր հաղթանակի մասին և անհապաղ կերպով հեռացիր. դա ամենակարճ ճանապարհն է՝ դադարեցնելու պատերազմը»:
Որ դերակատարները կարող են զբաղեցնել ԱՄՆ-ի դիրքերը Սիրիայում
Մինչդեռ մեկ այլ ճշմարտության՝ «Սուրբ տեղը դատարկ չի մնում» տրամաբանությունը խիստ արդիական է դարձնում վերջին օրերին սիրիական հիմնախնդրի հետ կապված ամենաառարկայական հարցը՝ ով է զբաղեցնելու Վաշինգտոնի տեղն ամերիկյան զորախմբի դուրս գալուց հետո: Բնականաբար, ԱՄՆ-ի համար խիստ կարևոր է, որ այդ դիրքերում տեղակայվեն դաշնակից դերակատարների ուժերը: Այս համատեքստում, դեռևս 2018թ. ապրիլից, երբ առաջին անգամ Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց Սիրիայից դուրս գալու մտադրության մասին, տևական ժամանակ ծավալվել են կուլիսային բանակցություններ տարբեր կողմերի հետ՝ Պարսից ծոցի արաբական միապետություններ, Իրաք, Սուդան, մինչդեռ վերջնական համաձայնության հասնել այդպես էլ չի հաջողվել՝ պայմանավորված շահերի և հնարավոր միջամտության էֆեկտի համադրման հաշվարկներով:
Հետևաբար, վերանշյալ տրամաբանության շրջանակում միակ շահագրգիռ դերակատարը Թուրքիան է, որի՝ սիրիական հակամարտությանը ներգրավվելու առանցքային պատճառներից մեկն էլ հենց Սիրիայի հյուսիսում քրդական հնարավոր ինքնակազմակերպման ձգտումների խափանումն էր: Ուստի պատահական չէ, որ հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց Սիրիայից դուրս գալու որոշման մասին: Իսկ այն հանգամանքը, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև նման քննարկումներ են ընթացել հնարավոր ամենաբարձր մակարդակով, պարզ դարձավ դեռևս դեկտեմբերի սկզբին Արգենտինայում G20-ի շրջանակում երկու երկրների ղեկավարների հռետորաբանությունից: Հետևաբար` դրանից ճիշտ 2 շաբաթ անց Էրդողանի հայտարարությունը և թուրքական ԶՈւ-ի տեղաշարժերը Սիրիայի հյուսիս-արևելքում նոր ռազմագործողություն սկսելու նպատակով, կարելի է դիտարկել որպես նախապատրաստական մանևրեր և հավակնությունների ցուցադրում՝ զբաղեցնելու ԱՄՆ-ի դիրքերը նշված շրջաններում: Հաշվի առնելով ռուսական կողմի վերջին տեղաշարժերը խնդրո առարկա շրջաններում և հավելյալ բարդություններից խուսափելու, նոր իրողությունների շուրջ բանակցելու համար՝ Մոսկվա է պատրաստվում մեկնել ԹՀ ԱԳ նախարար Մ. Չավուշողլուն:
Զարգացումների նման սցենարը ձեռնտու է նաև Վաշինգտոնին, քանի որ դրա առարկայացման դեպքում ի վերջո կարող է հանգուցալուծվել վերջին տարիներին ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում եղած հիմնական կնճիռներից մեկը՝ քրդական ուժերին ԱՄՆ-ի աջակցության իրողությունը և Թուրքիայի բացասական դիրքորոշումը դրա նկատմամբ: Մյուս կողմից, չի կարելի բացառել Անկարայի հնարավոր զիջումները և պատասխան քայլերը, որոնք մեծ հավանականությամբ կարող են դրսևորվել տարածաշրջանում ԱՄՆ-ի գործող վարչակազմի համար կարևորագույն հիմնախնդրի՝ Իրանի մեկուսացման ծրագրին անմիջական կամ անուղղակի կերպով նպաստելու տեսքով:
Մինչդեռ կասկածից վեր է՝ ԱՄՆ-ից բացի ցանկացած այլ դերակատարի մուտքը Սիրիայի հյուսիս երբեք չի կարող ունենալ նույն զսպող նշանակությունը. ավելին, չի բացառվում անգամ տրամագծորեն հակառակ էֆեկտը. նշվածի ապացույցն է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղավորումը հանդիսացող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և նրանց քաղաքական ղեկավարության փորձերը՝ կանխելու Թուրքիայի հնարավոր ներխուժումը, իսկ չհաջողելու դեպքում, պատրաստվել ինքնապաշտպանության: Քաղաքական հարթությունում քրդական կողմը վերջին օրերին ակտիվ բանակցություններ է վարում միաժամանակ մի քանի ուղղությամբ՝ սիրիական կառավարության, Ռուսաստանի, նաև եվրոպական մի շարք դերակատարների հետ: Նշվածի համատեքստում, բնականաբար, անգամ հաշվի առնելով քրդերի հետ առկա բարդ խնդիրները, բավական ծանրակշիռ տարբերակ է սիրիական բանակի մուտքը տարածաշրջան, որը նույն շահերի և հնարավոր միջամտության էֆեկտի համադրման տրամաբանությամբ ամենաարդյունավետը կարող է լինել՝ հաշվի առնելով նաև սիրիական հակամարտության կարգավորման ներկա գործընթացի բովանդակությունը: Մինչդեռ, կասկածից վեր է, որ սիրիական կառավարական ուժերը չեն կարող նման գործողություն սկսել, առանց արտաքին հովանավորների՝ հատկապես Ռուսաստանի և՛ քաղաքական, և՛ ռազմական աջակցության: Մյուս կողմից, Մոսկվայի միջնորդությունը բավական առարկայական է ինչպես քրդական կողմի և սիրիական կառավարության միջև կնճիռները հարթելու հարցում՝ հատկապես քրդերի հետագա կարգավիճակի ճշգրտման առումով, այնպես էլ, բնականաբար, Թուրքիայի հետ փոխհամաձայնության հանգելու համատեքստում:
Զարգացումների հնարավոր սցենարները
Ստեղծված իրավիճակում չեն բացառվում հետագա զարգացումների մի քանի սցենարներ, որոնցից ամենահավանականները կարելի է թվարկել հետևյալ պայմանական հերթականությամբ՝
- Համաժամանակյա գործողություններ Թուրքիայի ԶՈւ-ի և սիրիական կառավարական ուժերի կողմից՝ ընդ որում ազդեցության գոտիների բաժանման հարցում նախապես ձեռքբերված սկզբունքային փոխհամաձայնության շրջանակում՝ Թուրքիան Եփրատ գետից արևմուտք, կառավարական ուժերը՝ դեպի արևելք ուղղություններով: Իսկ իրավիճակային լուծումները կարող են լինել սիրիական հակամարտության կարգավորման վերջին մեկամյա տրամաբանությամբ. Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կառույցները կարող են մեկտեղվել Եփրատից արևելք ընկած հատվածում, իսկ նրանց հետագա ճակատագիրը կարող է որոշվել նաև ԱՄՆ-ի միջամտությամբ: Նշվածը, անխոս, զարգացումների փոխզիջումային և ամենաարդյունավետ սցենարը կարող է լինել, թեպետ Անկարան ցայժմ լրջորեն ընդդիմանում է դրան:
- Թուրքիայի, ապա նաև կառավարական ուժերի ոչ համաձայնեցված գործողություններ տարբեր ուղղություններով, որի հնարավոր հետևանքները բավական վտանգավոր և պայթյունավտանգ իրավիճակ կարող են ստեղծել ոչ միայն Անկարայի և Դամասկոսի, այլև՝ Աստանայի ձևաչափի գործընկերների միջև:
- ԱՄՆ-ի կողմից ոչ ամբողջական հեռացման հնարավորություն՝ քրդական ուժերի ճակատագրի երաշխավորման հավանականությամբ՝ ընդ որում Սիրիայում ակտիվ բոլոր դերակատարների հետ փոխհամաձայնության արդյունքում: Հարկ է նշել, որ այս ուղղությամբ Վաշինգտոնի կողմից մի քանի առարկայական տարբերակ է առաջարկվել, որոնք սկզբունքորեն մերժվել են քրդական կողմից:
Ի դեպ, թվարկված բոլոր սցենարների զարգացման պարագայում չի բացառվում ԱՄՆ-ի պարբերական միջամտություն, հատկապես իսլամիստական ահաբեկչության ակտիվացման հեռանարի կանխատեսելիության համատեքստում: Անշուշտ, շատ հնարավոր են նաև Սիրիայի հյուսիսում գործող տարաբնույթ խմբավորումների, նաև քրդական կառույցների միջև տարաձայնությունները, որոնք հավելյալ բարդություններ կարող են առաջացնել ակնկալվող գործընթացներում:
Ամփոփելով վերոգրյալը՝ կարելի է միանշանակորեն հավաստել, որ առաջիկայում սիրիական հակամարտության շրջանակներում կանխատեսելի են կարևոր տեղաշարժեր, որոնք հղի են ինչպես լուրջ ռազմական լարվածության սպառնալիքով, այնպես էլ Սիրիայի ճակատագրի և հիմնախնդրի հանգուցալուծման նոր հնարավորություններով:
Հայաստանյան դիտակետից իրավիճակը, հատկապես կարևորվում է առնվազն հետևյալ 2 հանգամանքով՝
- Զարգացումների կիզակետ հանդիսացող տարածաշրջանում բնակվում են, տարբեր տվյալներով, մի քանի հազարի հասնող հայ բնակչություն, որի ներկայացուցիչներից, ի դեպ, առանձին խմբերի տեսքով, քրդերի, ասորիների, արաբական որոշ ցեղախմբերի հետ ներգրավված են ԱՄՆ-ի հովանավորությամբ ձևավորված «Սիրիական դեմոկրատական ուժեր» կոչվող կառույցում. հենց այս կառույցն է փաստացի վերահսկում ներկայում հատկապես Սիրիայի հյուսիս-արևելքը, քրդաբնակ այլ շրջաններ:
- Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ուղղակիորեն զարգացումների առաջնագիծ են մղվելու ՀՀ համար բավական էական արտաքին դերակատարներ՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, կարևոր գործընկեր Իրանը և ոչ բարեկամ հարևան Թուրքիան, որոնց հարաբերությունները, դրանց խորացումը կամ սրումն որոշակիորեն կարող է առնչվել նաև հայկական կողմի շահերին:
Արմեն Պետրոսյան