Երևանի շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա հորդորեց քաղաքացիներին ամենաանհրաժեշտ դեպքում օգտվել շտապօգնության ծառայությունից:
«Միշտ կան ավելի անհետաձգելի դեպքեր, որտեղ մարդու կյանքը վտանգված է, ու անկախ մեր բրիգադների ավելացած քանակից, լինում են պիկ ժամեր, երբ ֆիզիկապես ուղղակի չենք հասցնում այս կամ այն կանչին», - ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ Շտապօգնությունում աշխատում է 36 բրիգադ:
Ամանորին թունավորումներից խուսափելու համար Թագուհի Ստեփանյանը խորհուրդ տվեց չուտել երկար պահպանված սնունդ, սակայն նշեց, որ սննդային թունավորումները վերջին շրջանում քիչ են լինում: «Հավանաբար մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել»,- ասաց Ստեփանյանը։
ՀՀ առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերի համակարգող Անահիտ Չախիֆալակյանն էլ հավելեց, որ դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կիրականացվի հերթապահություն:
«Հերթապահությունները կիրականացվեն առավոտյան ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից», - նշեց նա: