Shamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են Range Rover մակնիշի 77 AR 007 համարանիշի եւ ZAZ մակնիշի 34 QV 245 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարները, ովքեր մահացածին եւ վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենայից քաղաքացիների օգնությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Շահեն Իկիլիկյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը ZAZ-ի վարորդի մայրն էր, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են։