Վերջին օրերին հնդիկների և պակիստանցիների վերաբերյալ Change.org կայքում բացված և կարճ ժամանակ անց փակված ստորագրահավաքը՝ ուղղված վերջիններիս՝  դեպի ՀՀ մուտքի ազատ վիզային ռեժիմի դեմ, մեծ աղմուկ բարձրացրեց: Օնլայն և օֆլայն հարթակներում մարդիկ բաժանվեցին 2 խմբի՝ մի մասը տուրիզմի զարգացման անհրաժեշտության մասին էր խոսում, մյուսն մասն էլ անվերահսկելի միգրացիոն հոսքի մեջ մի շարք ռիսկեր էր տեսնում:

Նախ նշենք, որ որպես զբոսաշրջիկ Հնդկաստանից այցելությունները վերջին 2-3 տարիներին ձնագնդի էֆեկտով ավելացել են: Միայն 2018թ առաջին 9 ամիսների տվյալներով՝ արդեն ավելի քան 20-21000 այցելություն ենք ունեցել, ինչը, մասնագետների համոզմամբ, լուրջ ցուցանիշ է: Ի դեպ՝ ՀՀ ՏԿԶՆ Միգրացիան ծառայությունն այսօր մեր հարցմանն ի պատասխան՝ ամփոփ տվյալներ է ներկայացրել Հայաստանում գտնվող՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների մասին: 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախ նշեց հայերի  հյուրընկալության և հյուրասիրության լեգենդար իմիջի մասին, մասնավորապես նշելով, որ մենք երբեք ազգային և կրոնական խտրականություն չենք դրել:

«Մենք պետք է խուսափենք որևէ ազգի ուղղված նմանատիպ հայտարարություններից, առավել ևս, երբ դա ներկայացվում է իբրև հանրային կարծիք: Ցանկացած ազգի մեջ էլ բացասական կերպարներ լինում են, դա չի կարելի վերագրել ամբողջ ազգին»,- մանրամասնեց Մեխակ Ապրեսյանը:

Մասնագետի պնդմամբ՝ վատ չէ, երբ մեր աշխարհագրությունը ընդլայնվում է, «սակայն այդ ամենը պետք է լինի կարգավորված, որպեսզի ցանկացած զբոսաշրջիկ կարողանա հարգել ՀՀ օրենքներն ու ավանդույթները»:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ