Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Միացյալ Նահանգների հեռուստատեությամբ անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:

«Ռուսաստանն ու Հայաստանը ամենամերձավոր դաշնակից երկրներ են, մեզ կապում են ոչ միայն սերտ պայմանագրային պարտավորությունները, այլև հարյուրամյակներով ձևավորված կապերն ու հարաբերությունները: Ես համոզված եմ, որ դրանք առաջիկայում էլ կամրապնդվեն և կզարգանան, և դա տեղի կունենա ոչ ի վնաս այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների:

Որպես հասարակական-քաղաքական գործիչ, ես լավատեղյակ եմ ռուսական ղեկավարության տրամադրությունների մասին և կարող եմ համարձակորեն պնդել, որ ոչ ոք չի պատրաստվում Հայաստանից պահանջել սահմանափակել (ուրիշների հետ,–խմբ.) իր կապերը ի հաճո Ռուսաստանի»,–այդպիսի կարծիք է հայտնել Լոս Անջելեսում գտնվող Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ելույթ ունենալով «Երեկոն Մայք Սարյանի հետ» հեռուստածրագրի ժամանակ:

«Մենք փոքր երկիր ենք, ժողովուրդ, բայց մեր շահերը չեն սահմանափակվում միայն Հայաստանի տարածքով: Չէ՞ որ հայեր ապրում են ամբողջ աշխարհում, և յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չառնչվել մեզ: Մենք չունենք հայրենակիցներ, որոնց շահերը կարելի լիներ անտեսել, անկախ նրանց բնակության վայրից: Այսպես, երբ տեղեկություններ են ստացվում Սիրիայից կամ Իրաքից, դրանք անդրադառնում են նաև մեր զգացմունքների վրա»,- ասել է Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով, իր միջազգային կապերը զարգացնելիս, Հայաստանի մեկնակետը պետք է լինի այն հանգամանքը, որ իր ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է: Պետք է նրա հետ հարաբերությունները կառուցել ճիշտ, գործնականորեն ու առաջ շարժվել՝ ցուցադրելով մյուս գործընկերներին այդ կապերի կայուն, այլ ոչ թե այսրոպեական և կոնյուկտուրային բնույթը:

«Ռուսաստանի հետ պայմանագրային պարտավորությունների և կապերի խզումը Հայաստանի համար բնավ ազատության և անկախության դրսևորում չէ, ինչպես ոմանք կարծում են, այլ կարող է ազդակ հանդիսանալ, որ վաղը կարող են նույն կերպ խզվել Ամերիկայի, Եվրոպայի և մյուսների հետ պայմանավորվածությունները»:
«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության կայուն երաշխավորն է», – ընդգծել է Աբրահամյանը, հավելելով, որ դա պայմանավորված չէ միայն Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայով: Առաջատար տեխնոլոգիաները Ռուսաստանին հնարավորություն են տվել նախատիպը չունեցող նոր սերնդի ռազմավարական զինատեսակներ ստեղծել, որոնք կարող են րոպեների ընթացքում պտտվել մոլորակի շուրջը: Արա Աբրահամյանի կարծիքով, դա կարող է բերել Ռուսաստանի կողմից՝ այս կամ այն տարածաշրջանում ճգնաժամերին արագ արձագանքելու և զինա-ռազմավարական հավասարակշռութուն ձևավորելու նպատակով ռազմաբազաների տեղակայման խնդրի հրատապության վերանայմանը»: