Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության շրջանակներում առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ որոշում չի կայացվելու: Հունվարի 16-ին տեղի ունեցած ԱԺ նիստում այս մասին ասաց  Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

«Մենք ունենք ուժեղ մանդատ, բայց մենք առաջնորդվելու ենք Հայաստանի շահերով, ժողովրդի որոշումներով: Ես վերահաստատում եմ, որ պետք է մերժել առանց ժողովրդի դրական վերաբերմունքի որևէ կտրուկ արտաքին քաղաքական որոշում կայացնելու քաղաքականությունը»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններին:

«Վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի ներկայացուցչի հետ կարող է բանակցել Հայաստանի անունից, և նա պահել է այս տրամաբանությունը: Այն տպավորությունը, որ Երևանը հրաժարվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից, թյուր է, դրանք շարունակում են մնալ օրակարգում: Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրը բանակցային ձևաչափի շարունակականությունն ապահովելն էր: Երբ հեղափոխության ժամանակ մենք նշում էինք, որ արտաքին քաղաքական վեկտորներում կտրուկ փոփոխություններ չեն լինելու, նաև նկատի ունեինք ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ձևաչափը»,- ասաց հանձնաժողովի նախագահի թեկնածուն:

Ռուբինյանի խոսքով՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում կարևոր, բովանդակային փուլ չի սկսվել:

Հունվարի 15-ին Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի 3 խմբակցությունները առաջադրեցին մշտական հանձնաժողովների նախագահներիթեկնածությունները: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8,  «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը 1 հանձնաժողովում:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է երեք քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն և «Լուսավոր Հայաստան» կուսակցություն:  ԱԺ առաջին նիստում միաձայն նախագահ ընտրվեց ԱրարատՄիրզոյանըԱզգային Ժողովի 2 փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցության կողմից ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա ՆազարյանըԸնդդիմության փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանանդամ Վահե Էնֆիաջյանը: «Լուսավոր Հայաստան»-ը առաջադրել էր Մանե Թանդիլյանի թեկնածությունը: