Ազգային ժողովում ընթանում է ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը: Որպես թեկնածու առաջադրված է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր մանե Թանդիլյանը: Պատգամավորներից Բաբկեն Թունյանը Մանե Թանդիլյանին հետևյալ հարցն ուղղեց.
«Ձեր գործընկերը, Ձեր խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նախընտրական շրջանում մի առիթով ասել էր, որ Կենտրոնական բանկը այժմ գտնվում է բացարձակ որևէ վերահսկողությունից դուրս, և պետք է մեխանիզմներ մտածել, որպեսզի Ազգային Ժողովը կարողանա վերահսկել Կենտրոնական բանկին». «Դուք կիսո՞ւմ եք այս կարծիքը և եթե այո, ի՞նչ մեխանիզմներ եք կիրառելու վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»:
Հարցին ի պատասխան՝ Մանե Թանդիլյանն ասաց. «Իրականում Կենտրոնական բանկին այլևս տրված է նաև սահմանադրական, գնաճի զսպման և մի շարք այլ լիազորություններ, և այս առումով՝ Կենտրոնական բանկը անկախություն ունեցող կառույց է, բայց, միևնույն ժամանակ, պետք է հասկանանք, որ նրա վարած ֆինանսավարկային քաղաքականությունը բերում է լրջագույն հետևանքների, և, հետևաբար, ԱԺ-ն պետք է և ունի այդ լիազորությունը՝ աշխատելու Կենտրոնական բանկի հետ և վերահսկողական մեխանիզմներ օգտագործելու, նաև քննարկումներ կազմակերպելու առաջացած խնդիրների լուծումների վերաբերյալ»:
Թանդիլյանը նշեց, որ շատ ճիշտ է, որ կենտրոնական բանկն ունենա անկախություն և, միևնույն ժամանակ, այն պետք է հաշվետու լինի ԱԺ-ին: