Համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե Բրյուսովի անվան լեզվաբանահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանին եւ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին, հնարավոր է՝ նոր ստեղծվելիք միասնական նախարարությունում փոխնախարարներ նշանակեն։ 

Պետք է նշենք, որ եթե Գրիշա Թամրազյանը նախկին իշխանությունների օրոք էր նշանակվել, ապա Նազենի Ղարիբյանի դեպքում պատկերն այլ է։

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ղարիբյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տարածված տեղեկությունը․

«Այս պահին ես կատարում եմ մշակույթի նախարարի պարտականությունները, բայց դա չի նշանակում՝ ես պետք է միասնական նախարարությունում փոխնախարար լինեմ: Դա հնարավոր է, բայց դեռ որոշված չէ»,- ասաց մշակույթի փոխնախարարը։

Խոսելով Մշակույթի ևԿրթության և գիտության նախարարությունների միացումից, փոխնախարարը նկատեց, որ անկախ նրանից՝ գործում է Մշակույթի նախարարությունն առանձին, թե՝ ոչ, նախարարության բոլոր գործառույթները պահպանվում են․ «Մենք ունենում ենք այդ ինքնուրույնությունը՝ ի դեմս  այն փոխնախարարի, որը կլինի։ Ամենակարևոր խնդիրը հետևյալն է՝ կա աշխատանք, կան խնդիրներ մշակույթի դաշտում, և այդ խնդիրները պետք է լուծում ստանան։ Մշակույթի ոլորտում եղած խնդիրներն ու աշխատանքները չեն կարող կրճատվել կամ անտեսվել, խնդիրն այլ տեղ է՝ որքան արագությամբ և որքան ճկունությամբ մենք կկարողանանք այս «ամուսնությունը» կազմակերպել և շատ արագ անցնել գործի»։

Այնուամենայնիվ, ըստ Ղարիբյանի՝ անկախ նրանից՝ կլիներ նախարարությունների միացում, թե՝ ոչ, Մշակույթի նախարարությունում փոփոխություններ պետք է լինեին ընտրություններից հետո, քանի որ նախարարությունը գերծանրաբեռնված էր և գերհաստիքային․ «Այս ամենի վերլուծության  արդյունքում, որի համար ունենք հատուկ հրավիրված մասնագետներ, պատկեր է ստեղծվել, թե ինչ  քանակ պետք է ունենա նախարարությունը, որպեսզի ճկուն աշխատի»,- ասաց փոխնախարարը։

Ամփոփելով և նկատի ունենալով խոսակցությունները, թե նախկինում էլ է եղել նախարարությունների միացման օրինակ, որը ձախողվել է, Ղարիբյանն ասաց․ «Բոլոր քայլերը կատարում ենք, որպեսզի միացումից էֆեկտիվությունն ու աշխատունակությունը չնվազի։ Մենք միանում ենք ԿԳՆ-ին, բայց դա չի նշանակում, որ մեր մոտից բոլորը կրճատվում են։ Այդտեղ էլ են լինելու  ուսումնասիրություններ, թե մեր որ թևն է ուժեղ, բայց դեռևս օդում խոսակցություններ են»,- նշեց Ղարիբյանը և կես կատակ կես լուրջ նշեց, որ դեռևս երկու նախարարություններին չեն «ամուսնացրել», սակայն մոտ օրերին կլինի այդ «խնամականչը»։

Արմինե Արմենակյան