Նիկոլ Փաշինյանը արադարադատության նախարարի պաշտոնում  վերանշանակել է Արտակ Զեյնալյանին: Կառավարության դեռևս նշանակված կազմից առավել ուշագրավ է հենց Զեյնալյանի գործոնը, այն պարզ պատճառով, որ վերջինս չի հանդիսանում Փաշինյանի թիմի ներկայացուցիչ, իսկ ՔՊ-ն, ինչպես գիտենք, «Հանրապետություն» կուսակցության հետ, որի անդամ  է Զեյնալյանը, կոալիցիա չի կազմել: Ավելին, Զեյնալյանի հրաժարականի մասին վաղուց էր խոսվում և քիչ հավանական էր թվում, որ նա կպահպանի պաշտոնը:

Միամտություն կլինի ենթադրելը, որ Փաշինյանը գնաց այս քայլին՝ տուրք տալով ժողովրդավարությանը: Իրականում՝ սա շատ ավելի հեռուն գնացող ծրագիր է, որում Զեյնալյանը առանցքային խաղացող պետք է լինի: Մի կողմից՝ այս նշանակումը զրկում է Փաշինյանի հակառակորդներին՝ նրան իշխանության ուզուրպացիայի մեջ մեղադրելու հնարավորությունից: Բացի այդ, ոլորտում բոլոր հնարավոր ձախողումները, իսկ այդպիսիք կլինեն (ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ գանգատները, արդարադատության անցումային մարմիններ ձևավորելու՝ Փաշինյանի ծրագիրը) կկապվեն Զեյնալյանի, այլ ոչ թե ՔՊ-ի հետ: Իհարկե, հասկանալի է, որ Զեյնալյանը Փաշինյանի կառավարության մաս է կազմում, հետևաբար, նրա բոլոր քայլերը համաձայնեցված են լինելու վարչապետի հետ: Այնուամենայնիվ, Փաշինյանը շատ լավ է գիտակցում, թե ինչպես է աշխատում հանրային հոգեբանությունը. կրակի տակ կհայտնվի հենց Զեյնալյանը:

Այս նշանակումն ունի նաև օբյեկտիվ հիմքեր. նայելով Փաշինյանի կադրերին՝ հասկանում ես, որ իրականում իրավական համակարգում նա չուներ Արտակ Զեյնալյանի կալիբրի գործիչ, ում հնարավոր կլիներ վստահել նման պաշտոն:

Ս.Խաչատրյան