Հունվարի 25-ին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ հունվարի 24-ին, ժամը 22-ի սահմաններում, Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի շենքերից մեկում ավազակային հարձակում է կատարվել:
Ստացված տեղեկությունների համաձայն` դիմակավորված տղամարդը թակել էր բնակարաններից մեկի դուռը, և երբ տանտիրուհին բացել էր, դանակի սպառնալիքի տակ պահանջել էր գումար ու ոսկյա զարդեր։ Կինը դիմադրել էր, օգնություն կանչել, ինչից հետո տղամարդը դիմել էր փախուստի։
Ստուգվեց ստացված տեղեկությունների իսկությունը: Ինչպես ավազակային հարձակման, այնպես էլ կասկածյալի վերաբերյալ այլ տեղեկություններ ստանալու և ձեռք բերածի հետ համադրելու նպատակով ոստիկաններն Արարատյան զանգված մեկնեցին:
Ձեռնարկված անհետաձգելի որոնողական աշխատանքների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ դիմակավորը Արարատի բնակիչ Դավիթ Գասպարյանն է:
Դեպքից ժամեր անց կասկածյալն իր բնակության վայրից բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։
Տուժողից բանավոր ընդունվել է հաղորդում: Ըստ նրա` ոստիկանություն չէր դիմել հիվանդ մորը չանհանգստացնելու համար:
Ավազակության փաստով Արարատի մարզային վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ և բազամակողմանի քննելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: