«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը երեկ լրագրողները հետ զրույցում հայտարարել է. «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է,… Չեմ հասկանում այդ հոդվածը, 0038 հրամանում այդպիսի բան չկա: Ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք, կասեք՝ ամոթ է մեզ, էս ինչի՞ պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որին ցանկացած երկրում կգնան, զորքը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին, դուք տեսե՞լ եք, որ զորքը այն ժամանակ կրակի»:
Համաձայնվեք, որ Վիտալի Բալասանյանը ՀՀ իշխանությունների հասցեին շատ կոշտ, նույնիսկ վիրավորական է արտահայտվել: Մի հանգամանք, որը մեղմ ասած անթույյլատելի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե մարտի 1-ի բացահայտումը Փաշինյանի իշխանության համար ինչ կարեւոր դեր ունի եւ որ իշխանություններն էլ ըստ էության համամիտ են ներկայացված մեղադրանքների հետ: Բայց Վիտալի Բալասանյանի կողմից սա առաջին դեպքը չէ: Օրինակ, երբ ամիսներ առաջ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարություններից հետո թյուրըմբռնում եղավ, Վիտալի Բալասանյանն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց, ու կրկին՝ անհաջող: Ընդ որում նա նույնքան կոշտ արձագանքեց նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Մարտի 1-ի թեմայով Բալասանյանի հայտարարությունները կարող են միանգամայն այլ պատճառ ունենալ, քանի որ մշտապես խոսվել է մարտի 1-ին նաեւ Արցախից հատուկ ջոկատայիններ բերելու մասին, Վիտալի Բալասանյանն այսպիսի հայտարարություններով փորձում է այլ տեղ տանել եւ խուսափել բացահայտումներից, ինչպես նաեւ ըստ էության փորձում է անուղղակի աջակցություն հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ առհասարակ, ԼՂ իշխանությունների առանձին ներկայացուցիչների պահվածքը ժամանակ առ ժամանակ անտանելի է դառնում, եւ տրամաբանությունը հուշում է, որ այդ հայտարարությունները պետք է հետեւանք ունենան: Մինչ այդ, թերեւս տեղին է հիշեցնել նաեւ 2017 թվականի ամառվա դեպքերը, երբ նա խոստումներ տվեց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներին, սակայն դրանց տերը չեղավ»:
Ամբողջայան հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում