ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, նշեց՝ հայտնել են գործակցության պատրաստակամություն` ի շահ մեր հայրենիքի, երկու պետությունների և ի խնդիր Հայ Դատի:

Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ ժամանակին հայտարարել են՝ ով ընդունի իրենց առաջարկած 7 կետերը, պատրաստ են համագործակցության. «Ով կընդունի մեր մոտեցումները, մենք պատրաստ ենք լայնածավալ համագործակցության։ Ղարաբաղի հարցի լուծումը մեր գլխավոր խնդիրն է։ Արտաքին քաղաքականության մեջ պաշտպանել Արցախի հարցի կարգավորման թեզը։ Հայաստանն ու մնացյալ տարածքները մեզ պետք է մնան, մենք ունենք այդ ռեսուրսները՝ անկախ նրանից, թե ինչքան կմնանք շրջափակման մեջ»,֊ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ այսօր ունենք լուրջ սպառնալիքներ Արցախի անվտանգության հետ կապված, նոր պատերազմ հրահրելու՝ Ադրբեջանի մտադրությունների հետ կապված. «Պետք է արձանագրենք, որ հարձակում Արցախի վրա՝ նշանակում է հարձակում Հայաստանի վրա: Այս խնդրի շուրջ պետք է ճիշտ, համաձայնեցված քայլերի շուրջ պայմանավորվենք, ճանապարհային քարտեզ մշակենք։ Սա պետք է դառնա համաժողովրդական պահանջ, որ արձանագրենք մեր պատրաստակամությունը՝ պաշտպանել համահայկական շահերը»,֊ նշեց նա:

Ռուստամյանը պատահական չհամարեց նաև Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովի անցկացումը Արցախում. «Մենք համարում ենք, որ հիմնական օրակարգային հարցը եղել և մնում է Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը։ Հայկական երկրորդ պետությունում Ընդհանուր ժողով գումարվում էր առաջին անգամ, և դա խորհրդանշական էր: Դաշնակցությունն ներկա էր և կանգնած է Արցախի կողքին` ի պաշտպանություն Հայ դատի հանգրվանի»։