Հասարակության մի մասը ոգևորված էր հեղափոխությունից հետո նոր իշխանությունների կողմից իրականացվող կոռուպցիոն բացահայտումներով։ Բոլորն անհամբեր սպասում էին նոր, աղմկոտ բացահայտումների: Սպասելիքները հատկապես մեծ էին սոցապ ոլորտից, որը ներկայիս իշխանությունների կողմից նախկինում անվանվել է ամենակոռումպացվածը Հայաստանում:
 
Եվ ահա թե ինչպիսի բացահայտումներ են կատարվել այս ոլորտում՝ անցած 9 ամիսների ընթացքում: Դատախազությունը վերջին օրերին շարունակ հաղորդում է Հայաստանի տարբեր քաղաքների քաղաքապետարանների սոցիալական աջակցության բաժինների աշխատակիցների կողմից ապօրինությունների բացահայտման մասին:
 
Իրականում սպասելիքներն ավելին էին՝ հաշվի առնելով այն աղմուկը, որը մշտապես բարձրացվել է նախկինում ընդդիմադիր, այսօր արդեն՝ իշխանություն դարձած քաղաքական ուժի կողմից: Ստացվում է՝ անցած ինը ամիսների ընթացքում սոցիալական ապահովության ոլորտում որևէ լուրջ, սենսացիոն բացահայտում չի գրանցվել՝ ինչը, մեղմ ասած, կասկածելի է:
 
Եթե ոլորտն այսչափ թափանցիկ էր և մաքուր, ստացվում է՝ նախկինում ամպագոռգոռ հայտարարությունները ընդամենը փիառի և քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար էին, իսկ եթե ոչ, և ոլորտը իրականում թաղված էր կոռուպցիայի մեջ, ապա ինչո՞ւ անցած ինը ամիսների ընթացքում հնարավոր եղավ բացահայտել ընդամենը մի քանի միլիոն դրամի կոռուպցիոն դեպք, արդյո՞ք սա պարզապես պատկան մարմինների դիլետանտության արդյունք է, թե՞ ստվերային լուծումների, որոնց արդյունքում և գառներն են ողջ, և գայլերը՝ կուշտ…