Երվանդ Քոչար փողոցում գործող «Արտաշի մոտ» ռեստորանից կատարված գողության դեպքով հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ հունվարի 1-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երվանդ Քոչար փողոցում գործող «Արտաշի մոտ» ռեստորանի հետնամասի դուռը, մտել ներս և տնօրենի աշխատասենյակից գողացել երկաթե չհրկիզվող պահարանը:

ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրական գործ՝ առանձանապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ:

«Դեպքի վայրի զննության ժամանակ հիշյալ տարածքի սեփականատերը հայտնել է, որ գողացված չհրկիզվող պահարանում եղել է շուրջ 50 միլիոն դրամ գումար»,- ասաց ՔԿ խոսնակը: Հարությունյանը տեղեկացրեց, որ կատարվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-որոնողական աշխատանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու համար: