Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, թե Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է հանդիպել ռուսաստանահայ բիզնեսի ներկայացուցիչների հետ, սակայն, օրինակ, ռուսաստանաբնակ գործարարներ Կամո Ավագումյանն ու Սամվել Կարապետյանը չեն ցանկացել հանդիպել նրա հետ: Արդյոք լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը և արդյոք վարչապետը հանդիպե՞լ է Կամո Ավագումյանի ու Սամվել Կարապետյանի հետ, թե ոչ՝ փորձեցինք պարզել վարչապետի մամուլի խոսնակից:
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ հանդիպումը տեղի է ունեցել․ «Ձեր նշած գործարարները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը եղել է նրանց նախաձեռնությամբ»,- ասաց Կարապետյանը։
Վերջինս հրաժարվեց պատասխանել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ։
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ:
Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանի և գործարարների հանդիպումը տևել է 2 ժամ և ավելի: Հանդիպմանը քննարկվել են մի շարք ծրագրեր:
Սոնա Հարությունյան