Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության «քայլողների» շարքերում նաև 13-25 տարեկան դպրոցականներ և ուսանողներ էին, որոնց դերակատարումն այդ իշխանափոխության մեջ անժխտելի է։ Սակայն փաստ է, որ նախկին իշխանություններին դպրոցներն ու ԲՈՒՀ-երը քաղաքականացնելու մեջ մեղադրող նոր իշխանությունները շարունակում են նրանց՝ նաև այս գիծը։ Ասվածի ապացույցն օրերս Երևանի դպրոցներում 8-րդ դասարանի Հայոց լեզվի համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ երեխաների հանձնարարությունն է՝ «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրությունը։ Թեմայի վերնագիրը ծանոթ է այսօր բոլորին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակային «Քաղաքացու երգը» բանաստեղծությունից։ Սակայն հարց է առաջանում՝ ո՞րն է եղել շարժառիթը նման վերնագրով շարադրություն հանձնարարելու։ 

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Երևանի թիվ 56 հիմնական դպրոցի տնօրեն Սուսան Գալստյանը հայտնեց, որ օլիմպիադայի հարցաշարը ստացել են քաղաքապետարանից՝ փակ ծրարով․ «Այստեղ ենք մենք տեսել, թե ինչ վերնագիր  է։  Սա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլն է, որն անցկացվում է Երևան քաղաքի բոլոր համայնքներում, բոլորը նախապատրաստվել են, և այդ շարադրությունը գրել են բոլոր աշակերտները»,- նշեց տնօրենը։

Թեմայի վերաբերյալ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից, սակայն աշխատակիցներն այդ պահին «Պատմություն» առարկայի համաքաղաքային օլիմպիադային էին և ոչ ոք աշխատավայրում չէր։ Մեր զանգին պատասխանած քաղաքապետարանի աշխատակիցը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որը համապատասխան մասնագետ է, օլիմպիադաների կազմակերպիչ և իր համար զարմանալի է՝ ինչու են քաղաքական երանգներ փնտրում այդ վերնագրում․ «Զարմանում եմ, քանի որ այդ երևույթը մեր գրականության մեջ՝ բանաստեղծական տողերով արտահայտվում է։ Կյանքի ընթացքը, քայլքը ոչ մի կապ չունի վերջին շրջանի «քայլում եմ» մտքի կամ գաղափարի հետ։ Եթե անգամ կապ ունենա, այստեղ հանցավոր բան չկա, այստեղ էլ պետք է գեղեցիկ բան տեսնել։ Մինչև քայլ չանես՝ արդյունքի չես հասնի։ Սակայն կարծում եմ՝ Հայոց լեզվի համաքաղաքային օլիմպիադայի նախագահը, որպես Չարենցի սիրահար, որը գրել է «Հարդագողի ճամփորդները» կամ «Դանթեական առասպելը», դա է ի նկատի ունեցել։ Երեխա կա՝ ժողովրդի անցած ճանապարհն է ներկայացրել, քայլող ժողովրդի, նպատակին հասնող  ժողովրդի հոգեբանությունը ներկայացնող վերնագիր է։ Երեխաներից մեկն էլ պարզապես գրել է, որ իր շնիկն է քայլել։ Այն որևէ հետին, տողատակային իմաստ չի ունեցել»,- մեկնաբանեց քաղաքապետարանի աշխատակիցը։

 

 Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ