ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան լուրը ՊՆ կողմից գաղտնի պահելու փաստը, այնուհետև ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի  արտառոց մեկնաբանությունը՝ «Դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել», խոսում են շատ տխուր նախադեպի մասին, քանզի նախկինում չի եղել զինվորի մահը թաքցնելու դեպք։

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը հույս հայտնեց, որ գուցե զինվորի մահվան մասին չհայտնելը թյուրիմացություն է եղել ՊՆ կողմից․ «Եթե սա թյուրիմացություն չէ, ուրեմն շատ վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ։ Թեպետ կասկածում եմ, որ թյուրիմացություն է, բայց ցանկալի կլիներ, որ պատասխանատուները ներողություն խնդրեին և ասեին՝ ինչ-որ մեկը մեղավոր է եղել, որ տեղեկատվությունը չի մատուցել և այլն։ Արդյո՞ք մենք վերադառնում ենք 90-ական թվականները, երբ բանակում՝ խաղաղ պայմաններում զոհերի թիվը և տեղեկությունները անհայտ էին և չէին գաղտնազերծվում։ Արդեն 2000-ականներից սկսված՝ այդ տեղեկատվությունը բավականին բաց է եղել․ սա անհասկանալի է»,- ասաց Իշխանյանը։

Վերջինս չի բացառում, որ կարող է նման դեպքը միակը չլինել, սակայն Հայաստանը փոքր երկիր է ցանկացած նման տեղեկություն թաքցնելը անհնար չէ, բայց բարդ է․ «Եթե սա շարունակական բնույթ կրի, շատ վտանգավոր կարող է լինել, և թաքցնել՝ ցույց տալու համար, որ իրավիճակ է փոխվել՝ չի բխում ո՛չ հայկական ԶՈՒ-ի շահերից, ո՛չ էլ զինվորների իրավունքների շահերից, և բացի այդ՝ միևնույնն է՝ «մախաթը պարկում չես կարող թաքցնել», կբացահայտվի և շատ ավելի վարկաբեկիչ կլինի մեր իշխանությունների համար»,-ասաց Իշխանյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ առաջին հերթին ՊՆ-ն պետք է պարզաբաներ և ասեր՝ ինչի համար չեն հայտնել դեպքի մասին, բայց իրենք, Արծրուն Հովհաննիսյանը տարօրինակ ձևով մեկնաբանեցին․ «Ամենատխուրը փոխնախարարի հայտարությունն է, որ նախաքննության գաղտնիությունն են պահել։ Ես մտածում եմ, որ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է, և միտումը եղել է ուղղակի թաքցնելը։ Սա ՊՆ-ի կոպիտ բացթողումն է»,- հավելեց Ալեքսանյանը։

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ