Այսօր համայնքների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը լրագրողների հարցերին է պատասխանել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Անդրադառնալով պարգևավճարների մասին հարցին՝ նա կարևորել է դրանց անհրաժեշտությունը հատկապես պետական ոլորտում, իր մոտեցումը բացատրել հատկապես միջին և ստորին օղակներում աշխատողների ցածր աշխատավարձերով: Սակայն մարզպետն այդպես էլ չկարողացավ որևէ հոդաբաշխ բացատրություն տալ, թե  այդ ինչով են անցած երեք ամիսների ընթացքում հասցրել աչքի ընկնել տվյալ օղակի աշխատակիցները: Ինքը՝ մարզպետը մեծապես գոհ է իր կատարած աշխատանքից, ավելին՝ նա գտնում է, որ եթե լրագրողները փորձեն հարցախույզ կատարել մարզի բնակիչների շրջանում, կպարզեն, որ վերջին երեք ամիսների ընթացքում կատարվել են այնպիսի հեղափոխական փոփոխություններ, որոնց մարզի բնակչությունը տասը տարի կարոտ էր մնացել:

Ասելով հեղափոխական փոփոխություններ՝ մարզպետը թերևս նկատի ունի իր աշխատասենյակում Ուջանի ՀՅԴ-ական գյուղապետին քաշքշելը: Ինչ խոսք, տասը տարի առաջ գյուղապետերին իշխող քաղաքական ուժի կամքն էին թելադրում անհամեմատ ավելի բիրտ միջոցներով, այնպես որ, չենք կարող տվյալ դրվագում չգնահատել տեղի ունեցած հումանիստական փոփոխությունները: Մյուս հեղափոխական փոփոխություններից կարելի է առանձնացնել աշխատանքային ժամերին գործուղումների մեկնելը՝ բյուջեից կրկնակի վարձատրվելու նպատակով: Բացի այդ, Գևորգյանը դեկտեմբերի վերջին իրեն և մեկ ամիս աշխատած իր խորհրդական-օգնականներին պարգևատրել է աշխատավարձի 100 տոկոսի չափով, սակայն հորդորել էր, որ այդ հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում: Հետաքրքիր է՝ եթե պարգևատրման մեջ ոչ մի «կրիմինալ» չկա, ինչո՞ւ էր մարզպետն այդքան ցանկանում թաքցնել կատարվածը:

Վերջին շրջանում նոր իշխանությունների ներկայացուցիչների կողմից նկատվում է ակնհայտ ցանկություն՝ ցույց տալ սեփական աշխատանքի հեղափոխականությունը, մինչդեռ իրականությունը շատ հաճախ տրամագծորեն այլ է: Փաշինյանի թիմակիցները դուխով գլուխ են գովում, իսկ մեզ մնում է հուսալ, որ շուտով կգա նաև խելքով աշխատելու ժամանակը…