«Պետք է պետական ծառայության ստանդարտները բարձրացնենք ոչ թե ըստ քաղաքական ուժի, այլ ըստ հատկությունների, ըստ որակների։ Պետք է խոստովանել, որ պետական պաշտոնի ստանդարտի բարձրացումը անհնար կլինի առանց պետական պաշտոնյաների և ապարատի վարձատրության բարձրացման»,- այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ 7-րդ գումարման առաջին նիստին իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ կառավարությունից վերջին 7-8 ամիսներին միտում է նկատվում հոսք դեպի մասնավոր հատված։
«Էսօր ասում ենք պարգևավճարներ, պարգևավճարներ, ճիշտ ենք ասում. այդ պարգևավճարները հրապարակային, թափանցիկ ստացած մարդիկ տարի ու կես առաջ ծրարով փող են ստացել, ազատ են եղել բիզնես գործունեությունը պաշտոնների հետ համատեղել, իսկ այսօր այդ ամեն ինչը չկա։ Մարդը նայում ա, ասում ա 150․000 աշխատավարձով ի՞նչ մնամ էստեղ, հենա ավելի բարձր վարձատրողներ կան։
Շատ դրական եմ համարում, որ բուռն բանավեճ ա տեղի ունենում, ասում են՝ ո՞նց, պետական պաշտոնյայի աշխատավարձը պետք ա բարձր լինի՞, բա թոշակառո՞ւն։ Շատ ճիշտ ա հնչում, բայց՝ հարց․ իսկ արդյո՞ք, երբ որ պետական այն պաշտոնյան, որը պետք ա զբաղվի թոշակառուի թոշակը բարձրացնելու խնդրի լուծմամբ, ինքը բավարար չափով չվարձատրվեց, արդո՞ք նա կարողանալու է արդյունավետ գործել թոշակառուի թոշակը բարձրացնելու ուղիների վերաբերյալ»,-ասաց վարչապետն ու անդրադարձավ նաև ՊԵԿ-ի պարգևավճարների թեմային։
«Շատ է խոսվում և արդարացի է խոսվում նաև ՊԵԿ-ի պարգևավճարների չափերի վերաբերյալ։ 2019թ․ նախկինում գոյություն ունեցող պարգևատրման ֆոնդը մենք ուղիղ 50%-ով կրճատել ենք։ Էս թեմաների մասին խոսելիս պետք է միշտ հաշվի առնել, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում ծրարներով աշխատավարձեր տալու ավանդույթը միշտ ներկա է եղել, էս վեճը իմ և համակարգի միջև սկսվել ա մայիսից, և ամենակարևոր ահազանգը որ ես լսում եմ նման գործողությունների արդյունքում՝ հետևյալն է․ իսկ արդյո՞ք մենք հաշվել ենք, թե նման գործողությունները պետական բյուջեի եկամուտների հավաքագրման համար ինչ ռիսկեր կառաջացնեն, այդ թվում՝ թոշակառուների թոշակները վճարելու։ Ասում են՝ պետական կառավարման համակարգում 90% նույն մարդիկ են, և մենք գալիս ենք, և առաջին գործը, որ անում ենք՝ նրանց վարձատրությունը 70%-ով կրճատում ենք, կաշառքից զրկում ենք, նալոգ հավաքելուց զրկում ենք, ասում ենք՝ գնա, հարկեր հավաքի, ասում ա՝ չեմ հավաքում, որ ձեր մորուքավորների հեղափոխական կառավարությունը չկարողանա պետբյուջեի եկամուտները վճարի, չկարողանա թոշակ բարձրացնի, չկարողանա աշխատավարձ վճարի, որ բունտ լինի»,-նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոստովանեց՝ իրենց կառավարությունը ինչ-որ առումով ստիպված է եղել «փրկագին» վճարել, որպեսզի նման դրսևորումները հնարավորություն ունենա կառավարել։