Տնտեսական միջավայրի բարելավման առումով Հայաստանի կառավարության համար չափազանց կարևոր է անկախ դատական համակարգի կայացումը: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորների քննարկմանը ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագիրը: «Ուզում եմ ասել հետևյալը. տեսեք, շատ խոսում են ծրագրային դրույթների մասին, շատ խոսում են, թե ինչ է գրված և ինչպես է գրված որևէ ծրագրում, կամ ինչ է հռչակված: Բայց կարող եմ միանշանակ ասել, որ մեր կառավարությունն իր գործունեության վերջին 10 ամսվա ընթացքում դատական իշխանության անկախությունն ապահովելու առումով հասել է աննախադեպ հաջողությունների այն առումով, որ կառավարությունը հստակ որդեգրել է և հստակ պահում է իր քաղաքական պարտավորությունը՝ չմիջամտել դատական համակարգի գործերին: Իհարկե, այս իրավիճակը նաև որոշակի խնդիրներ է առաջացնում նաև հանրային ընկալման շրջանում: Բայց ես ուզում եմ ասել, որ մեր պատկերացմամբ դատական համակարգի անկախությունն ապահովելու կարևորագույն երաշխիքը հենց սա է: Պետք է ՀՀ-ում լինի իշխանություն, որը ունենա քաղաքական կամք ապահովելու անկախ դատական համակարգի գործունեությունը, որն ուժ ունենա առերեսվելու երկրում անկախ դատական համակարգի գոյության հետ»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ  կարող է  արձանագրել, որ ՀՀ-ում հաստատված է այդպիսի կառավարություն, որը չի շեղվելու այս ուղեգծից, որովհետև դա իրենց համար չափազանց կարևոր և սկզբունքային հարց է: «Ընդհանուր առմամբ մենք այստեղ տեսել ենք և տեսնում ենք ռիսկեր, որ Հայաստանի դատական համակարգը, ցավոք սրտի, սովոր է աշխատել որոշակի հրահանգավորման մեխանիզմների շրջանակում: Եվ այն պայմաններում, երբ առաջանում է վակուում՝ հիմնական ռիսկը հետևյալն է, թե արդյոք կառավարության հրաժարվելու պայմաններում չեն ձևավորվում հրահանգավորման այլ մեխանիզմներ այլ տեղերից, իշխանության տարբեր օղակներից, այդ թվում՝ իշխանությունից դուրս գտնվող օղակներից: Սրանք ռիսկեր են, որոնք, իհարկե, ՀՀ կառավարությունը պետք է կառավարի, բայց, ընդհանուր առմամբ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ դատական համակարգում տեղի են ունենում առողջացման գործընթացներ, ինչը չի նշանակում, որ դատական համակարգը գործում է անթերի և անսխալ, ինչը նշանակում է, որ դատական համակարգը գործում է նոր պայմաններում և խնդիր ունի ադապտացվել այդ նոր պայմաններում»,- նշեց ՀՀ վարչապետը