Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ավտոգազալցակայաններում ակցիզային հարկը հաշվարկել ոչ թե սպառողին հասցված  գազի ծավալով, այլ քաշով: Փետրվարի 15-ին կառավարության նիստի ընթացքում օրենքի նախագիծը գործադիրի անդամների քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

 

Նա հայտնեց, որ այս պահին գազալցակայաններում գազը սպառողին վաճառվում է քաշով, սակայն ակցիզային հարկի համար հաշվարկը կատարվում է ծավալով, իսկ առաջարկվող փոփոխության նպատակը վաճառքի ու հարկման չափման միավորների ներդաշնակեցումն է: «Առաջարկվում է, որպեսզի հարկային օրենսգրքում կատարվի փոփոխություն և ակցիզային հարկի պարտավորությունը հաշվելուց հաշվարկը նույնպես կատարվի քաշով, քանի որ վաճառքը նույնպես քաշով է իրականացվում: Փոխակերպումը կատարվում է, օգտագործելով այն կանոնները, որոնք առկա են այդ բնագավառում: Սեղմված գազը նույն քաշի պարագայում կարող է տարբեր ծավալներ ունենալ՝ կախված տարբեր գործոնների ազդեցությունից՝ ճնշում, ջերմաստիճան և այլն»,-մանրամասնեց Ջանջուղազյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են գնում այս լուծմանը: Նա ընդգծեց, որ կառավարությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ:

«Մեր ուսումնասիրություններով արձանագրվել է, որ այդ տարբերությունները կապված են խտության հետ: Նույն քաշի գազը կարող է տարբեր ծավալներ ունենալ, և հիմա, որպեսզի մենք այս խնդրը լուծենք, ասում ենք, որ գազը վաճառվում է կիլոգրամով և կիլոգրամով էլ պետք է կարգավորվեն հարաբերությունները հարկային դաշտում: Մի պահ աղմուկ եղավ, որ գազի նկատմամբ ակցիզային հարկը ուզում են բարձրացնել, ես ուզում եմ արձանագրել, որ ոչ մի ավելացում չկա, պարզապես այն նույն չափաբաժինները, որոնք կիրառվել են ծավալի նկատմամբ, հիմա կիրառվում են՝ այդ ծավալը տրանսֆորմացնելով քաշի: Այսինքն, որևէ հարկային ավելացում տեղի չի ունենում: Հիմա հարց՝ կարո՞ղ է այս փոփոխությունը բերել սպառվող գազի գնի ավելացման: Եթե բերի սպառվող գազի գնի ավելացման, սրանով գազալցակայանները հայտարարում են, որ մինչ այս բոլոր սպառողներին խաբել են: Այսինքն, եթե գինն այս փոփոխությամբ փոխվում է, գազալցակայանն այդ դեպքում ասում է՝ ես իմ ստեղծման օրից խաբել եմ սպառողներին: Սա մեզ համար պետք է լինի առանձնահատուկ ուշադրության հայտարարություն, իրենք այդպես չեն հայտարարելու, սակայն իրենց գործողություններից դա է բխելու, որը մեր հարկային մարմինները ուշադրության կենտրոնում պետք է պահեն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ եթե գազի գինն, այնուամենայնիվ, բարձրանա, սպառողը դրանից չի տուժելու, որովհետև սպառողը, վճարելով x գումար, կստանա այնքան գազ, ինչքան ինքը ենթադրում է, որ պետք է ստանա: «Մինչդեռ նախկինում ինքը x գումար վճարելով ենթադրում էր, որ պիտի ստանա x քանակությամբ գազ, բայց գործնականում ստանում էր «x-y» քանակությամբ գազ: Հետևաբար, այստեղ սպառողի շահերը ոչ միայն չեն ոտնահարվում, այլ պաշտպանվում են: Ես սա ասում եմ նրա համար, որովհետև համոզված եմ, որ այսօր ձեզ հայտնի շրջանակները, լրատվամիջոցները մեծ փոթորիկ են անելու, թե հերթական թանկացումն է, կառավարությունն այս արեց, այն արեց: Սա շատ կարևոր է արձանագրել»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ ակցիզային հարկի դրույքաչափ չի բարձրանում, ընդամենը չափման միավորն է փոխվում: «Այսօրվա կարգավորման համաձայն ծավալն է, առաջարկվող փոփոխությունից հետո դա կլինի քաշը: Այսօր սեղմված գազի մեկ խորանարդ մետրը սահմանված է 25 դրամ, 1 կիլոգրամը՝ 34 դրամ է սահմանվում, սակայն սա չի նշանակում, թե ավելացում է լինում, այդ 34 դրամը համարժեք է 25 դրամին: Գնի դիմաց ստացված ապրանքին համարժեք գնի ավելացում նույնպես չի լինում: Այսինքն, նույն գնով տրանսպորտային միջոցը տեղաշարժվելու է նույնքան կիլոմետր, որքան նախկինում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ փոփոխությունից հետո քաղաքացին, 1000 դրամի գազ լցնելով, նույնիսկ ավելի շատ կարող է քշել, «որովհետև առաջ այդ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն կարողանալու խաբել»: