Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ Մհեր Գրիգորյանի գրասենյակը զբաղվում է այն նախարարություններով, որոնք պետք է վերակառուցման արդյունքում դառնան մեկ նախարարություն, և ուսումնասիրվում է, թե քանի հոգի կկրճատվի և քանի հոգի մի տեղից մյուսը կգնա:

«Եվ այս գործընթացի արդյունքում է, որ մենք կհասկանանք, թե քանի հոգի կկրճատվի և քանի հոգի մի տեղից այլ տեղ կտեղափոխվի: Սրանով արձանագրում ենք, որ կարևորագույն բանն այս պահին ֆունկցիոնալ կրկնությունը բացառելն է, ինչի արդյունքում պետական կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ կաշխատի»,- ասաց Աղաջանյանը: 

Դիտարկմանը, թե պետությունը ինչպես է լուծելու այն խնդիրը որ բաղզմաթիվ աշխատողներ են կրճատվել  ՊԵԿ-ում ԵՊՀ-ում և այլ ոլորտներում, վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց, որ օպտիմալացման արդյունքում իրենց աշխատանքը կորցրած աշխատակիցների հետ կառավարությունը կապ կպահպանի, կգույքագրեն նրանց տվյալները:

«Վարչապետի կողմից Սոցապ նախարարին հանձնարարական է տրվել, որպեսզի մանրամասն տեղեկատվություն գեներացվի Հայաստանում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Եվ այս պրոցեսի արդյունքում է, որ մենք օպտիմալացման հետևանքով կրճատված աշխատողների, ինչպես նաև գործազրկության հարցը պետք է փորձենք լուծել: Եվ սա մեկ օրվա լուծվելու հարց չէ, բայց մենք այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»,- շարունակեց Աղաջանյանը: