ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակչի կողմից խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1972թ., տեղեկանալով, որ իր ենթակայության տակ գտնվող գրասենյակում հասարակական հիմունքներով աշխատող, Երևանի՝ 1977թ. ծնված բնակչուհին, ցանկանում է աշխատանքի ընդունվել, խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, օգտագործելով իր նկատմամբ վերջինիս ունեցած վստահությունը՝ խոստացել է օգնել աշխատանքի տեղավորելու հարցում:
Քննությամբ պարզվել է, որ 2017 թվականի հուլիսի 11-ին 46-ամյա տղամարդը Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող իր աշխատասենյակում, պաշտոնատար անձ հանդիսացող անձին խոշոր չափերով՝ 239.565 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու պատրվակով, 41-ամյա կնոջից պահանջել և ստացել է նշված գումարը, սակայն չկատարելով խոստումը՝ հափշտակել է այն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`
օրինական ուժի մեջ մտած դատավճռով: