Կառավարությունը որոշում կայացրեց դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։
Վարչապետը նշեց, որ որքան էլ ունենան վերապահումներ, կարծում է, որ այս ճանապարհով պետք է գնան, քանի որ սրանով քայլ են անում՝ լուծելու ոչ միայն դատավորների, այլ քաղաքացիների և երկրի խնդիրները:
«Մենք հնարավոր պայմանները պետք է ստեղծենք, որ դատավորներն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի և ապօրինի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադրիչը պետք է նեղացնենք։ Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով, պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250 հազարով»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական կառվարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքի փոփոխությունների որակը, արդյունավետությունը:
«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջուձախ հնձել, բայց դրա պատճառով կառաջանան հետևանքներ, որ տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել: Պետական կառավարման համակարգը և պետութունը զգայուն է մարդու օրգանիզմի նման և ճիշտ չախտորոշված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել», - ասաց նա։