ՀԱՊԿ-ը առաջիկա տարում կարող է մնալ առանց լիարժեք գլխավոր քարտուղարի: Այս պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը հետաձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով:
Ինչպես գրում է Коммерсанть-ը՝ ՀԱՊԿ-ում համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի չի լինի լիարժեք գլխավոր քարտուղար, որի պարտականությունները կշարունակի կատարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:
«Ելնում ենք այն բանից, որ մինչև 2020 թվականի սկիզբ, ՀԱՊԿ-ը կղեկավարի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը»,-ասում է պարբերականի աղբյուրը՝ ՌԴ ԱԳՆ-ից:
Հաղորդվում է նաև, որ Երևանը կողմ է կազմակերպության իրավական հիմքի փոփոխությանը, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության կանոնների հարցում:
ՀԱՊԿ երկրների առաջնորդների փակ հանդիպումների ժամանակ կրքերը երբեմն այնքան են թեժացել, որ Коммерсанть-ի տեղեկություններով, նախագահներից մեկը զայրույթի պահին ՀՀ վարչապետին ասել է, որ գլխավոր քարտուղարին կնշանակեն առանց Երեւանին հաշվի առնելու: