Իրանի Իսլամական Հանրապետության թագավորական «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները:
Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար: «Բարի գալուստ Իրան: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական և մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել: Իրանը մշտապես ցանկանում է հարևանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ և շարունակել դրանք: Համոզված եմ, որ Ձեր այցը Իրան կնպաստի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերությունների առավել ամրապնդմանը»:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռոհանիին հրավերի և ջերմ ընդունելության համար՝ հավելելով. «Իրանը մոտ է մեր երկրին ոչ միայն աշխահագրական, այլ նաև բարեկամական կապերի առումով, և բազմիցս առիթ ունեցել ենք ընդգծել դրանց կարևորությունը: Հայաստանում տեղի են ունենում կարևորագույն փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ներհայաստանյան պրոցեսներ են, և որևէ արտաքին ուժ մեր երկրի քաղաքական գործընթացներում ներգրավված չի եղել: Սա սկզբունքային կետ է տեղի ունեցած գործընթացները ըմբռնելու համար: Համոզված եմ, որ մեր հարաբերությունների առումով նույնպես նոր հնարավորություններ են բացվել, և մենք ունենք քաղաքական կամք դրանք իրացնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Իրան է այցելում երրորդ անգամ` առաջինը տեղի է ունեցել որպես լրագրող, երկրորդը` որպես պատգամավոր, երրորդը` որպես վարչապետ: Նիկոլ Փաշինյանը նշել է Իրանում տեղի հայության նկատմամբ առկա ջերմ վերաբերմունքի փաստը: «Դա ևս ամրապնդում է մեր բարեկամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ: Մեր առանձնազրույցի ընթացքում քննարկեցինք կարևոր հարցեր, հույս ունեմ, որ այս այցի ընթացքում այդ հարցերի մի մասի լուծումներին կկարողանանք հասնել»,- ասել է վարչապետը:
Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի քաղաքական կամքը բավարար է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հետագայում Հայաստանն ու Իրանը ոչ միայն կպահպանեն փոխվստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները, այլև կընդլայնեն ու կխորացնեն:
ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը երկկողմ տնտեսական օրակարգի կարևոր ծրագրերից են համարել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները՝ նպաստելով թե՛ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, թե՛ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:
Կողմերը մեծապես կարևորել են նաև Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը և պայմանավորվել առաջիկայում այդ ուղղությամբ իրականացնել գործնական քայլեր:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել անել առավելագույնը երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու և փոխադարձ ներդրումներն ակտիվացնելու համար:
Այդ առումով, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության քայլերին, որոնք ուղղված են ներդրումային միջավայրն առավել նպաստավոր և գրավիչ դարձնելուն:
Երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու տեսանկյունից կարևորվել է ԵԱՏՄ-Իրան ստորագրված համաձայնագրի վավերացումը խորհրդարանների կողմից: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համոզմունք են հայտնել, որ այդ համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններն առավել խթանելու համար: Նրանք կարծիք են հայտնել, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելուց հետո օգտակար կլինի Երևանում և Թեհրանում կազմակերպել հայկական և իրանական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, կազմակերպել բիզնես ֆորում:
Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը:
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում երկու երկրների էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել համագործակցության զարգացման ուղղությամբ ունեցած քննարկումների շուրջ:
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին կարևորել են նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու պայմանավորվել հանձնաժողովի առաջիկա նիստն անցկացնել ընթացիկ տարվա ամռանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության խթանմանն ու Հայաստանից Իրան մսամթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մասնավորապես, դեղագործության, զբոսաշրջության, բնապահպանության և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը և ավելացրել, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին համակարծիք են եղել, որ ԼՂ հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով` հիմնախնդրի հարցով զբաղվող միջազգային ճանաչված միակ կառույցի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում:
Այս համատեքստում, զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների շուրջ: