«Հաց բերող» անունը վաստակած Արթուր Սարգսյանի մահվան գործով նոր զարգացումներ են տեղի ունեցել. ՀՔԾ-ն մի դրվագով կարճել է քրեական գործը, իսկ մյուս մասով նորից ուղարկել ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանից:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը մահացել է 2017 թվականի մարտի 16-ին: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:
Քրեական գործով նշանակել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: 2018 թվականի ամռանը Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Արթուր Սարգսյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից: Բացի այդ, պարզվել էր, որ նա տառապել է «Բեխտերևի» հիվանդությամբ, սակայն թիվ 226/հձ եզրակացության համաձայն՝ ինչպես «Նուբարաշեն», այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում նշված հիվանդության, ինչպես քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չի իրականացվել:
21.12.2016թ-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Արթուր Սարգսյանի մոտ գրանցվել է քրոնիկական բրոնխիտի առկայություն, որի թարախային բնույթը հետագայում հաստատվել է 15.03.2017 թ–ին` «Արմենիա» ԲԿ-ում ֆիբրոսկոպիկ ինտուբացիա կատարելիս: Իսկ դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում հայտնաբերվել է թոքաբորբ, որի զարգացմանը կարող էր նպաստել շնչառական ֆունկցիայի խանգարմամբ ուղեկցվող «Բեխտերևի» հիվանդությունը և որի առաջացման վաղեմությունը կազմում է մահվանից առաջ առնվազն 3-4 օր:
«Այսպիսով՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող որոշ աշխատակիցներ Արթուր Սարգսյանի «Բեխտերևի» հիվանդության և քրոնիկական սիրտ-թոքային ախտաբանության կապակցությամբ բուժում չեն իրականացրել, այսինքն` իրենց մասնագիտական պարտականությունները՝ դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել։ Ուստիև, քրեական գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն»,- հայտարարել էր Քննչական կոմիտեն:
Սակայն ՔԿՀ աշխատակիցներին այդ գործի շրջանակներում ՀՔԾ-ն մեղադրանք չի առաջադրել, դրվագը կարճել է, իսկ մյուս մասն ուղարկել նորից քննչական կոմիտե: «Փաստինֆո»-ն փորձեց դատախազությունից ճշտել, թե արդյոք կարճման որոշման օրինականությունն ստուգվել է, թե ոչ, որի պատասխանը դեռ չի ստացել:
Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ քրգործն ստացել են, և նախաքննությունը շարունակվում է: