ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը խորհրդարանի գործընկերների հետ համատեղ համայնքների խոշորացման գործընթացի դրական և բացասական կողմերը հասկանալու և մարդկանց ներկայացնելու համար հանրային լայն քննարկում է կատարելու:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:
«Նախարարությունը պատրաստվում է հանրային քննարկում իրականացնել աշնանը: Մենք սերտ համագործակցում ենք նաև ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի հետ: Հանրային լայն շրջանակների հետ սա պետք է քննարկենք: Տեղերում մարդկանց պետք է ծանոթացնել խոշորացման դրական կողմերին, նաև հասկանալ, թե ինչ բացասական հետևանքներ կարող են լինել, անհրաժեշտության պարագայում անցկացնել նաև հանրաքվեներ, հետո ըստ այդմ իրականացնել հետագա խոշորացում»,-նշեց նախարարը:
Պապիկյանը նշեց՝ այս փուլում արդեն եղած գործընթացների՝ խոշորացումների վերանայման մասին չեն մտածում: Վերանայումներ կարող են լինել այն ժամանակ, երբ կլինեն նոր ընտրություններ։ «Մենք արդեն գույքագրել ենք թերությունները, թե որտեղ են տեղի ունեցել թերացումներ, ինչպես է հնարավոր դրանք շտկել: Սակայն համակարգը պետք չէ անընդհատ ցնցել»,-նշեց նա:
Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը ժամանակավորապես առկախվել էր: Ինչպես ավելի վաղ նշվել էր՝ այն պետք է վերսկսվի 2019 թվականին: Առկախման պատճառը, ինչպես իր ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար ՍուրենՊապիկյանը, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին: