Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
Զարմանալի չէ, այս մարդիկ ողջ կյանքը սովոր են «շեֆի» առկայության տակ ապրել։ Եվ քանի որ այսօր «շեֆի» միակ հույսը մնացել են չկայացած բախտախնդիրները, ապա նա դեռևս կոմսոմոլյան տարիներից մնացած նեղ ընկերական հարաբերությունները օգտագործում է և կոմսոմոլյան դրածոյի միջոցով փորձում վերահսկողության տակ պահել և՛ դատական համակարգը, և՛ դատախազությունը, և՛ ոստիկանությունը, և՛ ԿԸՀ-ն՝ բոլոր որոշումներով, ծանուցագրերով, արդյունքներով, նույնիսկ հասարակ տեղեկանքներ տրամադրելով։ Այս ամենը վերահսկվում է այդ անձի կողմից։ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում աչքերը լայն բաց անել նմանօրինակ երևույթների վրա։ Թույլ մի տվեք, որ Արցախը օգտագործեն այսպիսի դավադրությունների մեջ, թույլ մի տվեք Արցախը դարձնել ինչ-որ չկայացած բախտախնդիրների գործունեության թատերաբեմ։ Արցախի անվտանգությունը դա ողջ հայության անվտանգությունն է։ Ցանկացած թյուր ինֆորմացիա, ցանկացած խեղաթյուրված ու ապականված միտք գալիս է Արցախից և վերարտադրվում այսօրինակ լրատվականների միջոցով։
Ինչ-որ ծակերում գործող և այդ ծակերից դեռևս դուրս չեկող, մկան ծակը փողով գնած ստվերային տխրահռչակ գործիչները, երբ Արցախի և ՀՀ սահմանադրությունները կարում ու կարկատում էին, այս տասներորդական տեղ զբաղեցնող լրատվականները, իհարկե, չբարձրացրին այն հարցը, թե ինչու են սահմանադրությունը հարմարեցնում որոշ շրջանակների շահերին։ Չէին կարող, ռիսկ չունեին։ Չկային այդքան։ Այսօր արդեն կարող են կատարել պատվերներ, բայց իրենց ասած ստվերի շրջանակներում։ Մեր թիմը սահմանադրության փոփոխություններով չի հետապնդում նեղ անձնական շահեր, դա միտված է ավելի լայն, ժողովրդական շահերը բավարարելուն։ Այս փոփոխությունը կյանքի կոչելուց հետո հնարավորություն է ստեղծվելու լայն շրջանակների ընդգրկել Արցախի զարգացման գործում։ Քաղաքացիությունը պիտի խոչընդոտ չհանդիսանա, որպեսզի մեր հայրենակից բանիմաց մասնագետները, որոնք այսօր տարբեր երկրներում են, ինչպես նաև ՀՀ քաղաքացիները կարողանան ընտրվել, պաշտոններ զբաղեցնել Արցախում և իրենց գիտելիքները ծառայեցնել Արցախի բարգավաճմանը։ Սակայն այս մասին հետո, երբ կներկայացնենք նախագիծը, որպես այդպիսին։