Ռուսական ներդրումային բանկը, որի ղեկավարը հանդիպել է արքայազն Չարլզին, կառավարել է օֆշորային ընկերությունների ցանց, որի միջոցով Ռուսաստանից դուրս են բերվել միլիարդավոր դոլարներ:
 
Միջազգային հետաքննությունը ցույց է տվել, թե օֆշորային ընկերությունների ցանցը որքան գումար է ստացել խոշոր ֆինանսական աֆերայից: Օլիգարխը, որի մասին գնում է խոսքը «Տրոյկա Դիալոգ» ներդրումային բանկի նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանն է: Օֆշորային ցանցից ստացված գումարները, ի թիվս այլ բաների, ուղղվել են Ուելսի արքայական բարեգործական հիմնադրամին Շոտլանդիայում 18-րդ դարի Dumfries House- ի պատմական գույքի վերականգնման համար:Հիմնադրամում հայտարարել են, որ Վարդանյանի նվիրատվությունները ենթարկվել են մանրակրկիտ իրավական ստուգման և որևէ խախտում չի բացահայտվել:
 
Արտահոսած փաստաթղթերում միայն մեկ պայմանագիր կա, որը ստորագրել է Ռուբեն Վարդանյանը։ Այդ պայմանագրի համաձայն՝ նա հանդես է եկել որպես TD Advisors LTD օֆշորային ընկերության տնօրեն։ Վարդանյանի ղեկավարած այս ընկերությունը 8.9 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Սեյշելյան կղզիներում գրանցված օֆշորային Brightwell Capital Inc. ընկերությանը, որի լիազորված անձը Արտակ Գևորգյանն է։ Երբ Գևորգյանին հարցրինք այս պայմանագրի մասին, ասաց․ «Ես Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ այնքանով, որքանով դուք»։

Լրագրողների մոտ են հայտնվել լիտվական «Յուկիո» բանկից (Ūkio bankas) արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթեր: Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» (Troika Laundromat) անվանումը։

Ընդհանուր արտահոսքը

1,3 միլիոն բանկային փոխանցումներ
238 հազար ընկերություններ և անձինք
470 միլիարդ եվրո – փոխանցումների ընդհանուր գումարը

Ցանցից փոխանցումները Հայաստան

764 փոխանցում դեպի հայաստանյան բանկեր
112 մլն եվրո և 148 մլն դոլար – փոխանցումների ընդհանուր գումարը
150 անձանց և ընկերությունների

Ցանցն ընդգրկում է նվազագույնը 80 օֆշորային ընկերություններ, որոնք կնքել են շինծու առք ու վաճառքի, վարկային և ներդրումային պայմանագրեր՝ օրինականացնելով միլիոնավոր դոլարներ։ Այդ գումարների ծագումը, սակայն, հայտնի չէ։ 

Այս ցանցը ոչ միայն հնարավորություն է ստեղծել Ռուսաստանի հարուստներին և ազդեցիկներին՝ իրենց ունեցվածքը թաքցնելու և հարկերից խուսափելու, այլ նաև միջոց է հանդիսացել,  որ այդ փողերի իրական սեփականատերերը ձեռք բերեն սեփականաշնորհված էներգետիկ  ընկերությունների բաժնետոմսեր, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ռոսնեֆթը» և «Ինտեռ ՌԱՕ»-ն։