ԼՈՒՐԵՐ.com-ը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումների շուրջ զրուցել է քաղաքական գիտությունների թեկնածու Վահան Դիլանյանի հետ:

Պարոն Դիլանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ստեփանակերտում ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը:

Այն, ըստ երևույթին, արձագանք է մի կողմից հակամարտության կարգավորման կապակցությամբ վերջին շրջանում ձևավորված միջազգային հանրության որոշակի սպասումներին, մյուս կողմից՝ Ադրբեջանի ռազմատենչ դիրքորոշման սրմանը, ինչի բաղադրիչներից մեկն էլ, ի դեպ, հարձակվողական բնույթի լայնածավալ զորավարժությունների անցկացումն է:

Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնելն ազդակ է ՀՀ և Արցախի Հանրապետության պետական փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու ուղղությամբ՝ իր հնարավոր տարբեր դրսևորումներով, ինչի վերաբերյալ, փաստորեն, Փաշինյանն ակնարկեց իր ելույթում։ Կարևոր ուղերձ էր ՀՀ-ի՝ որպես Արցախի անվտանգության հիմնական երաշխավորի, դիրքորոշման վերահաստատումը:

Նիկոլ Փաշինյանն այդ նիստում նաև վերահաստատեց Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին դիրքորոշումը: Արդյո՞ք սա բանակցային նոր ձևաչափի առաջարկ է՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որը, ինչպես պնդում են որոշ փորձագետներ, ուղղված էր պաշտոնական Երևանին:

Համանախագահների հայտարարությունում ուղերձներ կային և՛ Ադրբեջանին, օրինակ՝ լարվածության թուլացման և բորբոքող հռետորաբանությունը նվազեցնելու վերաբերյալ, և՛, այո, հատկապես բանակցային ձևաչափը միակողմանի փոխելու վերաբերյալ համանախագահների հայտարարությունում առկա դրույթն առաջին հերթին ուղղված էր Հայաստանին:

Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը մշտապես եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը պահպանելը և դրանով իսկ, քանիցս բարենպաստ ձեւով է իրեն դիրքավորել Ադրբեջանի՝ հիմնահարցը այլ հարթություններ տեղափոխելու փորձերի համատեքստում: Փաստ է, որ Արցախի ներգրավման նոր մակարդակի մասին պնդումը, որպես այդպիսին, չի ենթադրում համանախագահության ֆորմատի փոփոխություն, բայց դա, ինչպես միջնորդներն են տեսնում, խաթարում է տևական ժամանակ գործող բանակցային ձևաչափը և ենթադրում է դրա, ըստ էության, փոփոխություն:

Որոշ փորձագետներ մտահոգիչ են համարում նաև այն հանգամանքը, որ համանախագահների այդ հայտարարությունում հղում կա 2016 թ. ապրիլյան պատերազմից առաջ իրողություններին, մասնավորապես՝ 2009-2012 թթ. առաջարկներին:

Անշուշտ, մտահոգիչ էր այդ հայտարարությունում 2016 թ. մայիսին Վիեննայի, ապա հունիսին՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներով արձանագրված հանձնառությունների մասին հիշատակման բացակայությունը: Դրանք մասնավորապես վերաբերում են ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում վերջնականացմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը:

Ավելին, թե՛ Վիեննայում, և թե՛ նույն թվականի դեկտեմբերին Համբուրգում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունում, ի հեճուկս Ադրբեջանի, հղում կա 1994-1995 թթ. հրադադարի համաձայնագրերին:

Դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք եղել են կարգավորման այլ տարրեր 2016 թ.-ից ի վեր ներկայացված աշխատանքային նախագծերում, բայց կարող եմ ենթադրել, որ եղել են դիրքորոշումների որոշ դրսևորումներ, կամ նույնիսկ հնարավոր որոշակի կոշտացում հայկական կողմից, մասնավորապես, հաշվի առնելով 2017 թ.-ի հոկտեմբերին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
 
Ի դեպ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հիշատակումը 2018 թ. ապրիլից ի վեր բացակայել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր հայտարարություններում:
 
Եվ, իմ կարծիքով, վերջին հայտարարության՝ Հայաստանի համար ոչ ընդունելի ձևակերպումներն էին պատճառը նաև, որ Հայաստանի ԱԳՆ-ը շտապեց հիշատակել Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը՝ թերևս նույն գծի վրա դնելով Դուշանբեի հանդիպումը:
 
Ինչ վերաբերում է համանախագահների՝ 2009-2012 թթ. ներկայացրած առաջարկներին, կարող եմ ասել, որ դրանցում առկա հակամարտության կարգավորման տարրերն, ընդհանուր առմամբ, նույն տրամաբանությունն ունեն, ինչ դրանից հետո և առաջ եղած առաջարկներում եղածները: Դրանք նորություն չեն, հրապարակվել են և այս կամ այն չափով ձևափոխվել տարբեր ժամանակահատվածներում:
 
Այնուամենայնիվ, գուցե փոքր-ինչ վերլուծեի՞նք տարրերի այդ փաթեթը:

 Կան մեկնաբանման ենթակա բազում հարցեր. օրինակ, նշվում է Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը»: Ո՞ր տարածքների մասին է խոսքը: Կամ՝ «իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության», թերևս հանրաքվեի մասին: Կրկին՝ ո՞ր տարածքներում, կամ արդյո՞ք դա համապարփակորեն ներառում է ժամանակի և այլ պայմանները, թե՞ կրում է ինչ-որ հետաձգվող, անիրատեսական բնույթ, կամ Լաչինի շրջանի, Քելբաջարի շրջանի հետ կապված, արդյո՞ք դրանք առանձին դիտարկվում են, ի՞նչ է նկատի առնվում «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք» ասելով, և այլն, և այլն:

Նաև, իմ կարծիքով, գրեթե անհնար է լինելու երբևիցե ապահովել տարրերի գործադրումը, եթե դրանք կրեն ինչ-որ հաջորդականության տրամաբանություն։

Թեև այդ տարրերի տարբեր մեկնաբանությունները կամ չնչին փոփոխությունները նշանակալից կերպով կարող են փոխել կարգավորման ողջ էությունը, այնուամենայնիվ, դրանք ի սկզբանե չեն բխում Հայաստանի ազգային շահերից, և չեմ կարծում, որ դրանք խաղաղությանը տանող սկզբունքներ են ենթադրում:

Ցավոք, մշտապես այսպիսին են եղել բանակցային սեղանին դրված տարրերը, բայց դրանք ընդամենը առաջարկներ են, որոնց շուրջ ընթանում են բանակցություններ, և որոնք կարող են, ըստ միջնորդների, կարգավորման հիմք դառնալ:

Կարո՞ղ ենք ասել, որ այդ առաջարկներն անիրատեսական են: Եթե այո՝ ինչո՞վ է պայմանավորված հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի ակտիվությունը:

- Նախ՝ ո՛չ ՀՀ և ո՛չ էլ Արցախի Հանրապետության ժողովուրդները պատրաստ չեն այսօրինակ փոխզիջումների: Իմ կարծիքով, առաջարկվող կարգավորման տարրերն անընդունելի են ՀՀ և Արցախի Հանրապետության համար, և, ինչպես նշեցի, որևէ կերպ չեն ուրվագծում տևական խաղաղության կամ խաղաղ գոյակցության ճանապարհը: Ավելին, կարող են հղի լինել նոր բռնությունների ու պատերազմի հնարավորությամբ:

Փաշինյանի՝ իշխանության գալը մեծ սպասումներ առաջացրեց միջազգային հանրության շրջանում՝ ենթադրելով, թե կարող է լինել զիջումների գնալու, իսկ իրենց պատկերացմամբ՝ խաղաղության այդ ճանապարհը մոտեցնելու համար քաղաքական կամքի առկայություն: Այս հանգամանքը, իմ կարծիքով, նույնպես լրացուցիչ ճնշումներ է ենթադրել հայկական կողմի վրա կամ ընդհանուր՝ կարգավորման գործընթացի տրամադրության վրա:

Հետո, կարծում եմ, Ադրբեջանի ռազմական ծախսերը՝ զուգորդված ռազմատենչ հռետորաբանությամբ, մերժողական կեցվածքով և երկրի ներսում համապատասխան ուժգին քարոզչությամբ, բերել են մի իրավիճակի, երբ նոր ռազմական գործողությունների հանգրվանը իրատեսական է համարվում: Գուցե դրանով է նաև պայմանավորված միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, շահագրգիռ այլ կողմերի ակտիվությունը կարգավորման գործընթացի ուղղությամբ, կոմունիկացվող ուղերձները:

Եվ հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունների կողմից բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության վերաբերյալ պնդումը նաև պայմանավորված է տվյալ իրողությամբ: Նկատի ունեմ՝ ակնհայտ էր, որ այն մերժվելու էր և՛ Ադրբեջանի, և՛ համանախագահող երկրների կողմից:

Այդ դեպքում, ինչպե՞ս կմեկնաբանեիք բանակցային գործընթացում Արցախի ներգրավման մասին դիրքորոշումը:

Եթե հիմք ընդունենք, դիցուք, Փաշինյանի հայտարարությունը դրա վերաբերյալ, փաստորեն, խոսքը գնում է խաղաղ և տևական կարգավորման գործընթացն արդյունավետ դարձնելու անհրաժեշտության մասին:

Հարկ է նշել, որ հակամարտության կարգավորման առարկայական գործընթացը և դրա արդյունքների գործադրումն առանց Արցախի համաձայնության, անհնար է. նախկինում, կարծեմ, դա չի էլ ժխտվել: Այդ տրամաբանության մեջ է նաև Արցախ միջնորդների այցերը, հանդիպումները Արցախի իշխանությունների հետ, տարբեր կոնսուլտացիաները:

Կարելի է նաև նշել հիշատակածս հրադադարի համաձայնագրերին հղումը՝ մեկնաբանելով որպես Արցախի՝ առնվազն որպես հակամարտության կողմի ճանաչում:

Այդուամենայնիվ, կարծում եմ՝ պաշտոնական Երևանը նպատակ ունի ձևավորելու Արցախի ոչ հետաձգված, ոչ հաջորդիվ ներգրավման վերաբերյալ դիրքորոշում:

Ուստի, միանշանակ չէի մեկնաբանի Արցախի մասնակցության հանգամանքը. չի կարելի բացառել, որ հարցն այնքան հրատապ է դրված՝ ունենալ կարգավորման վերջնական հիմք, այսինքն որոշակի հանգրվանում են, կամ փորձում են այդ հանգրվանը մոտեցնել, որ Արցախի դիրքորոշման անհրաժեշտությունը շատ կարևոր է:

Ակամա հիշարժան է ԼՂՀ-ի կողմից 1997 թ. փաթեթային և փուլային տարբերակներով առաջարկների մերժումը:

Նաև, չնայած կանխավ բերված հակափաստարկներին, ամեն դեպքում պետք է պատրաստ լինել կանխելու, չեզոքացնելու, այսպես կոչված, միջհամայնքային պարադիգմի քննարկումների դուռ բացելը՝ նկատի ունենալով, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»: Հավելեմ, որ համանախագահների՝ Ադրբեջանում այդ հասարակական միավորման ներկայացուցիչների հետ եղած հանդիպումները, կարծում եմ՝ փախստականների հարցի հարթության մեջ է:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ կա՞ բանակցային փակուղու և ըստ այդմ՝ պատերազմի վտանգ:

Թեև նշածս հանգամանքները՝ ի լրումն տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների և կարողությունների շարունակական գնահատման, անհրաժեշտ, բայց ոչ բավարար են՝ պնդելու նոր լայնածավալ ռազմական գործողությունների կամ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հավանականության մասին, այնուամենայնիվ, իմ կարծիքով, այն բարձր է:

Անշուշտ, հավանականության գնահատումը անհրաժեշտաբար պետք է ներառի նաև տարածաշրջանային և ավելի մեծ համատեքստում առկա զարգացումների վերաբերյալ վերլուծություն: Դա բավականին բազմասպեկտ ու բազմագործոն երևույթ է, որն իր մեջ պարունակում է ինչպես ռացիոնալ, անպես էլ իռացիոնալ տարրեր:

Մասնավորապես, այդօրինակ իրավիճակում տեղեկատվական տարբեր հոսքերը ամենատարբեր մակարդակներում, ձեռք բերելով բավական զգայուն բնույթ, կարող են էական նշանակություն ունենալ որոշումների ընդունման վրա: Այս առումով անհրաժեշտ է, որ հայկական կողմը ճիշտ հաշվարկի հնարավոր ռազմական առճակատմանը վերաբերող պայմաններն ու գործոնները, և դրա ելքով պայմանավորվելիք իրողությունները:

Միևնույն ժամանակ, ռազմական ագրեսիան կանխելու կամ դրանում որևէ կերպ չզիջելու կամ հակահարված տալու համար խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական համապատասխան մակարդակ: Այլաբանորեն ասած, կռվողը նաև պետք է լինի զայրացած: Հակառակ դեպքում, երբ, ենթադրենք՝ չկա բավականաչափ զայրույթի առարկա, տեղեկատվական խողովակներով ուղղակիորեն կամ քաոտիկ կերպով շրջանառվում է այլ բան, կամ ընդհանրապես ոչինչ չի շրջանառվում, չեմ կարծում, որ դա նպաստում է խաղաղության նվաճմանը:

Ինչ վերաբերում է քաղաքական տարբեր հայտարարություններին, ներառյալ «խաղաղ» բառարմատի կիրառմամբ դրույթներին, չպետք է մոռանալ, որ դրանք, եթե ունեն դիվանագիտական նպատակներ, նաև սպառվում են ներսում՝ հատկապես տեղեկատվության կոնսոլիդացված իրացման պայմաններում: Ուստի համաժամանյա ջանքեր են անհրաժեշտ, որովհետև ներսում տրամադրություններն ու ընկալումներն էլ, որոնք հաճախ այս կամ այն եղանակով կարող են ստուգումների ենթարկվել նետվող տեղեկատվական հոսքերի միջոցով, կարող են ազդեցություն ունենալ բանակցություններում իշխանությունների կեցվածքի վրա: