Երեկ լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադարձավ Օպերայի տարածքում իրականացվող գործողություններին։ Տնտեսագետը նշեց, որ շատ կարևոր է այն մարդկանց խնդիրը, ովքեր այդտեղից հացի փող են աշխատում։

«Բնապահպանական խնդիրներին անդրադառնալ չեմ կարող, բայց հստակ է, որ այստեղ ամենակարևորը հարցի իրավական կողմն է։ Հիմա հայտարարվում է, որ իրավական առումով ամեն ինչ  հիմնավոր է, նպատակադրումներն արդարացված են  և այլն։ Այդտեղ աշխատողների թիվը կարող է փոքր լինել, քանի որ դեռ աշխատանքային սեզոնը չէ, մեկ ամսից այդ թիվը կարող է տասնապատկվել։ Հնարավոր է նաև, որ լինեն ստվերային աշխատողներ, ինչն իհարկե, անընդունելի է։ Պետք է հասկանալ, թե որն է ավելի առաջնահերթ՝ գործազրկությա՞ն, թե՞ կանաչապատման խնդիրը։ Պետք է նաև իմանալ, որ պետությունն ունի հստակ պարտավորություն, ինչն ամրագրված է օրենքով։ Ոչ թե պետք է գործազուրկ դառնալուց հետո գնալ և տնավարի ձևով փորձել աջակցել մարդկանց, այլ օրենքով ստեղծված լիազոր մարմինները պետք է անեն իրենց գործը։ Սա չպետք է փաթեթավորվի որպես լավություն։ Աշխատանքից ազատման ռիսկ ունեցող մարդն էլ ենթակա է պետության պաշտպանության, սա օրենքում ամրագրված կետ է։ Հասարակությունը պետք է իրազեկվի, որ ունի նման իրավունք»,- իր խոսքում ասաց Թադևոս Ավետիսյանը։

 

Տնտեսագետը նշեց նաև, որ մեծ քայլեր և ծրագրեր իրականացնելուց առաջ, նախ պետք է զբաղվել օրվա խնդիրներով։ Ըստ նրա, այս պահին կարևոր է, որ ոչ մի մարդ չմնա գործազուրկ։

 

Ասպրամ Փարսադանյան