Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին մանսարդներ կառուցելու գործընթաց կսկսի: «Գրանդ քենդի» ընկերության կառուցած շենքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված լուրերը, թե Երևանի քաղաքապետարանը նախատեսում է քանդել շենքերի տանիքներին կառուցված մանսարդները:

 

Նրա խոսքով՝ գործընթացը պետք է լինի կարգավորված, համակարգված Երևանի գլխավոր ճարտարապետի , ճարտարապետական բլոկի կողմից թույլատրված:

«Մենք մանսարդների կառուցում ենք նախաձեռնում, և դա պետք է լինի այսպես կոչված քաղաքի հինգերորդ ճակատը: Դրանով գեղեցկանում է քաղաքը, շենքը, մարդկանց համար  էլ նոր բնակարաններ են ստեղծվում: Փարիզում շենքերի տանիքների հարցը հենց այսպես է լուծվել»,-պարզաբանեց Մարությանը:

Նա նշեց, որ շենքերում մանսարդները կկառուցվեն միայն շենքի բնակիչների ցանկության պարագայում: «Մենք սկսելու ենք գործընթաց մանսարդները կառուցելու, եթե ողջ շենքի բնակիչները համաձայն լինեն դրա հետ»,-հավելեց նա: