Վերջին մի քանի ամսում Հայաստանում բազմաթիվ փոփոխություններ են գրանցվում։ Այդ փոփոխություններից անմասն չի մնում նաև տնտեսական ոլորտը։ Սպասվող տնտեսական հեղափոխության և դրա իրագործման դժվարությունների մասին զրուցեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հետ։
-Վերջին շրջանում օրակարգային թեմա է դարձել հարկերի բարձրացումը։ Ձեր կարծիքով ճի՞շտ է նման փոփոխություններ անելը։
- Նախ շեշտենք, որ ընդհանուր հարկերի բեռի բարձրացում չի եղել, գլոբալ հաշվարկներով դրանք նվազել են։ Միկրոբիզնեսներն այս փուլում ընդհանրապես հարկ չեն վճարելու, այստեղ ունենք նվազում։ 26 և 36 տոկոս եկամտային հարկը մենք վերացնում ենք և դարձնում համահարթ 23 տոկոս։ Այստեղ էլ կա հարկերի նվազում։ Մոտավոր 30 միլիարդ դրամի հարկ չի վճարվելու պետությանը։ Բարձրացվում են մի քանի արտադրանքների ակցիզային հարկերը։ Բայց այս հարկերի բարձրացումն էլ չի լրացնելու նախորդների պատճառով առաջացած բյուջեի պակասորդը։
- Առավել շատ բողոքող մարդիկ գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերն են, ովքեր պնդում են, որ սա բյուջե լցնելու միջոց է։ Ինչո՞ւ 20 տարի անց որոշվեց փոփոխություններ անել ոլորտում և արդյո՞ք նպատակը դա է։
- Առաջին հերթին այդտեղ կան կարգավորման խնդիրներ։ Անձնական կարծիք ներկայացնելու համար պետք է շատ մանրամասն ծանոթանամ օրենքին, այս պահին ձեռնպահ կմնամ։ Իհարկե, հարկերի կտրուկ բարձրացումը որևէ ոլորտում մի քիչ խնդրահարույց է։ Կարծում եմ՝ այստեղ քննարկելու շատ հարցեր կան։ Ամեն դեպքում միշտ կա մեդալի հակառակ կողմը։ Տվյալ նախաձեռնության մեջ կան որոշակի խնդիրներ, մենք քննարկելու ենք այդ հարցերը։ Փաստ չէ, որ առաջարկը հենց այդպես էլ կմնա։
- Վերջին շրջանում մամուլում տարածվեց մի տեղեկություն, որ այս հունվարին Հայաստանի արտաքին պարտքը աճել է մոտ 20 միլիոն դոլարով։ Որպես տնտեսագետ ինչպե՞ս եք մեկնաբանում այդ ամենը։
- Հայաստանի արտաքին պարտքի փոփոխություններին ամսական կտրվածքով նայելը կոռեկտ չէ։ Մենք կարող ենք հունվարին վերցնել 20 միլիոն, փետրվարին մարել 40 միլիոն և կստացվի, որ պարտքը նվազում է։ Ավելի ճիշտ է տարեկան կտրվածքով նայել։ Օրինակ՝ 2016-2017 թվականներին արտաքին պարտքը տարեկան աճել է 800 միլիոնով, մինչև 2018 թվականի Նոյեմբերի 30-ը Հայաստանի արտաքին պարտքը որևէ ցենտով չի ավելացել։ Արտաքին պարտքի աճի տեմպը նվազել է 4 անգամ։ Բացի դա, մենք չենք ունեցել արտարժութային ցնցումներ, որը հեղափոխություն արած երկրի համար գրեթե անհնար է։
- Արդյո՞ք Հայաստանն ունի ցանկալի պայմաններ ներդնողների համար։
- Երբ համեմատում ենք 2017 և 2018 թվականների երրորդ եռամսյակները, տեսնում ենք, որ արտաքին ներդրումները աճել են 50 տոկոսով։ Նախկինում փոքր ներդրողների համար կային որոշակի խնդիրներ, օրինակ, մրցակցային դաշտում առաջատար էին այն մարդիկ, ովքեր որոշակի հովանավորչություն ունեին իշխանությունների կողմից։ Հիմա նման վախ չկա։ Էստեղ որոշակի խնդիրներ են առաջացել մեծ ներդրումների համար։ Եթե ներդրողը որոշում է որևէ արդադրություն ստեղծել , մեծ գումարներ է ծախսում հետազոտություններ անելու , լոգիստիկ սխեմաներ ուսումնասիրելու և այլ հարցեր լուծելու համար։ Այս պահին բանակցություններ են գնում մի քանի խոշոր ներդրողների հետ։ Որոշակի կարգավորումներ անելուց հետո մենք կունենանք բիզնեսների մեկնարկ։
-Մեկ այլ քննարկվող թեմա է Արցախի հարցը։ Եթե խոսենք հարցի տնտեսական մասից, Արցախյան հարցի լուծումը կամ այլ ընթացքով զարգացնելը կարո՞ղ է ազդել տնտեսական ներդրումների վրա։
-Դա դասագրքային ճշմարտություն է, որ պատերազմող երկիրը միշտ էլ ունենում է նման խնդիրներ, մանավանդ, երբ չունի նավթ, գազ։ Այդ խնդիրները մենք ունենք 30 տարի։ Այդ ռիսկայնությունը միշտ եղել է և ունի որոշակի բացասական ազդեցություն, բայց այդ՝ խնդիրը նոր չէ։ Անշուշտ, եթե Արցախի հարցը լուծվի, մենք կունենանք ալիքաձև փոփոխություններ նաև տնտեսական ոլորտում։ Բայց տնտեսական հարցերը չպետք է դարձնենք գերակա և անմիտ զիջումների գնանք։ Բոլոր իրավիճակներում մենք պետք է նկատի ունենանք այդ հարցը և կատարենք տնտեսական այն աշխատանքները, որի պահանջը կլինի։
- Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ կառավարության ծրագրում գրված 5 տոկոս տնտեսական աճը այդքան էլ հեղափոխական չէ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
- 2008 -2018 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 1 միլիարդով և ստացվում է, որ մեր տնտեսական աճը եղել է 0․8 տոկոս։ Այս դեպքում 5 տոկոսը հեղափոխական է։ Եվ բացի դա, մենք հայտարարում ենք հնարավորինս ռեալ թվեր։ Մենք կարող էինք գրել 7 տոկոս, բայց չունենայինք նման արդյունք։
- Հայաստանում, տարբեր ոլորտներում եղել են «հեղափոխություններ», ի՞նչ նախադրյալներ են պետք տնտեսական հեղափոխության հասնելու համար։
-Տնտեսական հեղափոխությունը նորմալ, ժամանակակից, հեռանկարային տնտեսություն ունենալն է։ Դա մենք տեսնում ենք այն երկրներում, որտեղ կա ռեալ մրցակցություն, տեխնոլոգիական արտադրություն։ Որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ստեղծել իր բիզնեսը և ապահովել ինքն իրեն։ Բարեկեցիկ հասարակություն ունենալն է որոշում երկրի տնտեսական վիճակը։ Պետությունը չի կարող ոչինչ չանող մարդուն օգնել։ Հայաստանում կան հնարավորություններ, եթե դու օգտվես դրանից կարող ես բարեկեցիկ ապրել։ Քիչ ժամկետներում մենք կարող ենք հասնել նման տնտեսական հեղափոխության։ Դժվարություններից ամենաբարդը մարդկանց հոգեբանությունը փոխելն է։ Աշխատունակ մարդուն, ով ուղղակի պառկում է բազմոցին և գումար պահանջում, պետությունը չպետք է նպաստ հատկացնի։ Եթե ուզում ես բարեկեցիկ ապրել, պետք է աշխատես, սովորես։
Ասպրամ Փարսադանյան