ՀՀ կենտրոնական բանկը «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հետ կապված փոփոխություն է առաջարկում, որը ներկայացվել է e-draft.am կայքում։ Նախագծով առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Այդ կետը վերաբերում է եռամսյակը մեկ ԿԲ կողմից անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները հրապարակելու իրավասությանը: Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն դրամը:

ԿԲ-ն այդ դրույթի ուժը կորցրած ճանաչումը պայմանավորում է հետեւյալ հանգամանքներով․

«Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը եւ ապահովել ֆինանսական կայունությունը այլ` ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում։

Հարկ է նշել, որ նման դրույթներ նախատեսված են եղել եւ կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, եւ այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն նույնիսկ այդ պարագայում հանդիպեցին բուռն հակազդեցության եւ քննարկումների ինչպես ԿԲ ներսում, այնպես էլ համակարգի մասնակիցների շրջանում: Հետագայում, կարճ ժամանակ անց, այն ուղղակի հակասության մեջ մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության եւ զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առեւտրային գաղտնիքի եւ անձնական տվյալների պաշտպանությունը։

Նմանատիպ տվյալների հրապարակումն անխուսափելիորեն հանգեցնելու էր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների սնանկացման, ինչպես նաեւ հանրային լուրջ դժգոհությունների: Ուստիեւ այն չկիրառվեց եւ չի կիրառվում: Իրավական առումով նաեւ խնդրահարույց էր առանց անձի համաձայնության իր առեւտրային կամ անձնական տվյալների հրապարակումը եւ բացահայտումը հասարակության լայն զանգվածներին: Այդ տվյալների հրապարակման նպատակը ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիության ապահովումն էր, եւ նշված նպատակին հասնելու իրավաչափ եղանակ չէր կարող լինել կոնկրետ անձի տվյալների հրապարակումը, քանի որ կխաթարվեին առեւտրային գաղտնիքի եւ անձնական տվյալների պաշտպանության միջազգայնորեն ընդունված համաչափության եւ այլ իրավական սկզբունքները»,- ասված է հիմնավորման մեջ։

Այժմ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքով է համապարփակ կարգավորվում նշված հարաբերությունները։ Այդ կարգավորումները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին։ Այդ պատճառով ՀՀ կենտրոնական բանկը չի կիրառում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված նշված դրույթը, քանի որ այն հնացած է եւ չի համապատասխանում ներկայիս օրենսդրությամբ ներդրված սկզբունքներին։