«Հարկային նոր օրենսգրքում կարևոր ուղենիշ է դրված՝ երկարաժամկետ տեսլականը, որը 5 տարի հետո այսօրվա 23%-ի փոխարեն 20%-ով է գործելու՝ որպես համահարթ դրույքաչափ»,- ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննադատություներին, Արտակ Մանուկյանը նշեց․
«Քննադատությունների որոշ մասն օբյեկտիվ է, որոշ մասը՝ հավելյալ խորքային ուսումնասիրությունների կարիք ունի։ Օբյեկտիվության տեսանկյունից, ամբողջ աշխարհում մրցակցում են երկու կարևոր սկզբունքներ․ առաջինը արդարության սկզբունքն է, երկրորդը՝ արդյունավետության։ Արդյո՞ք արդար է, որ ավելի շատ հարկ գեներացնողը ավելի շատ հարկ վճարի։ Ես կարծում եմ, որ այդպես արդար կլինի, բայց արդյունավետ չի լինի։ Այդպիսով, մենք կխոչընդոտենք հավելյալ աշխատանքով զբաղվելու գայթակղությանը»,- նկատեց պատգամավորը։
Ըստ նրա՝ երկրներ կան, որոնք կարևորում են արդարությունը և երկրներ կան, որոնք կարևորում են արդյունավետությունը։
«Ես կարծում եմ, որ գույքահարկի մեխանիզմների պրոգրեսիվությունը ապահովելով, հնարավոր է նաև արդարության մասն ապահովել՝ չհակադրելով արդյունավետությանը»,-նշեց Արտակ Մանուկյանը։
Խոսելով նպաստառուների ցանկի կրճատման և իրական նպաստառուների հաշվառման անհրաժեշտությունից՝ Արտակ Մանուկյանը նշեց․
«Նպաստառուների տվյալների բազան շտկման, ճշգրտումների կարիք ունի. այնտեղ որոշակի խնդիր կա։ Օրինակ՝ որևէ մեկն ունի անասուններ և նպատակ ունենալով զարգացնել գլխաքանակը, արդեն իսկ խոչընդոտում է իր նպաստառու լինելուն։ Սովորաբար, շատերը չեն ավելացնում գլխաքանակը, որպեսզի չզրկվեն նպաստառու լինելուց։ Այս տեսանկյունից հստակ է՝ չպիտի նման դրսևորումները հիմք հանդիսանան, որ տվյալ նպաստառու խավը ավելի շատ եկամուտ ստանալու փոխարեն փոխի իր վարքագիծը։ Կարծում եմ, որ հնարավորինս պետք է նպաստների մեխանիզմը ավելի թիրախային և հասցեական դարձնել, և, հետևաբար, արդյունավետությունը մեծացնել»,- նկատեց պատգամավորը։
Հարցին, թե որքանո՞վ է հեղափոխական համարում Հարկային օրենսգրքի փոփոխությունը և ի՞նչ մեխանիզմ կառաջարկի, որը ներառված չէ օրենսգրքում՝ պատգամավորը պատասխանեց․
«Կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ այլ տնտեսագետներ՝ կուզենան, որ Հարկային օրենսգրքի փոփոխմանը զուգահեռ, գույքահարկի մասով էական փոփոխություններ լինեն։ Քննադատությունների այն հատվածը, որը վերաբերվում է արդարությանը՝ որոշակիորեն կմեղմվի։ Ըստ իս՝ Հարկային օրենսգիրքը խաղի կանոնների և հարկ վճարողի վարքագծի վրա ազդող գործոն է, մնում է տեսնենք, թե փոփոխությունների քննարկումների արդյունքում մենք ինչպիսի Հարկային օրենսգիրք կունենանք»,-ասաց Արտակ Մանուկյանը՝ հավելելով, որ 5 տարվա ընթացքում հարկային դրույքաչափերի նվազման ծրագիրը թեև դրական մեսիջ է, բայց այդ գործընթացին համատեղ գույքահարկի մասով և այլ կարևոր ուղղություններով ևս պիտի դրական փոփոխություններ իրականացվեն։
Սիլվի Տիգրանյան