Երևանի ավագանու այսօրվա՝ մարտի 22-ի արտահերթ նիստի առաջին հարցը Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի աշխատանքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին է։ Զեկույցով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը։
«Սույն որոշման նախագծով Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է թույլատրել Երևանի քաղաքապետին օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել մրցույթ՝ Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ, սահմանել, որ մրցույթին իրավունք ունեն մասնակցել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները, ովքեր ունեն անշարժ գույքի կառավարման ոլորտում առնվազն երեք տարվա փորձ, վերջին երեք տարվա ընթացքում ունեն տարեկան միջին հաշվարկային առնվազն 3մլն դրամի շրջանառություն։ Մրցույթի հաղթողին որոշելու նպատակով սահմանել հետևյալ պայմանները․
Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո հավատարմագրային կառավարչի գործունեությունից առաջին, երկրորդ և երրորդ տարիների ընթացքում առաջացած շահույթից Երևան համայնքի մասնաբաժնին տրամադրել հետևյալ նվազագույն չափերը՝ առաջին տարին 77 մլն դրամ, երկրորդ տարին՝ 88 մլն դրամ, երրորդ տարին՝ 100 մլն դրամ, չորրորդ և հետագա տարիներին տարեկան շահույթից Երևանի քաղաքապետարանի մասնաբաժնին տրամադրել ընդհանուր շահույթի առնվազն 50 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 100 մլն դրամ»,-նշեց Սարգսյանը։
Արդյունքում ակնկալվում է և նախատեսվում է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ավելացնել ավտոկայանատեղիից օգտնողների թիվը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մեծացնել ֆինանսական մուտքերը, նպաստել երթևեկության բարելավմանը և նպաստել կենտրոնում խցանումների նվազեցմանը։
40 կողմ և վեց ձեռնպահ քվեարկությամբ որոշումն ընդունվեց։