Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը հակամարտության կարգավորման նպատակով պարտադիր է համարում բանակցություններին Արցախի մասնակցությունը:
Հարությունյանը նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:
Լրագրողի դիտարկմանը, թե Քոչարյանի կամ Սարգսյանի նախագահ եղած ժամանակ Արցախը որպես բանակցային կողմ չէր մասնակցում, բայց այդ հարցը չէր բարձրացվում, Հարությունյանը նշեց՝ դրա համար էլ որևէ հաջողություն չի արձանագրվել: «Սակայն միշտ էլ այդ հարցը բարձրացրել ենք: Արցախի իշխանությունները տասնյակ անգամ բարձրացրել են այն հարցը, որ հարցի լուծումը հնարավոր է միայն Արցախի իշխանությունների՝ բանակցային գործընթացին մասնակցելու միջոցով»,-ասաց Հարությունյանը:
Նա, սակայն, հարցի լուծումը տեսնում է Արցախի, նաև Հայաստանի հայրենակիցների որոշմամբ:
Անդրադառնալով Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպմանը՝ Հարությունյանը նշեց, որ 1992-ից մինչ օրս այդպիսի հանդիպումները շարունակվում են: