Անդրադառնալով Նոր Զելանդիայում այս շաբաթ տեղի ունեցած ահաբեկչությանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դրան հաջորդած հայտարարություններին՝ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել վերջ դնել Գալիպոլիի ուխտագնացությանը:
«Որպես ամերիկահայ, ում նանխնիներն անձամբ ականատես են եղել վայրագություններին, Գալիպոլիի ճակատամարտի օրվան նվիրված ուխտագնացությունը միշտ դիտարկել եմ որպես թուրքական քարոզարշավ: Ես հարգում եմ իրենց զոհված հերոսներին հարգանքի տուրք մատուցող ընտանիքներին, սակայն չեմ վստահում ժամանակակից Թուրքիայի ղեկավարների մտադրություններին», - ասվում է Թանկյանի Newshub-ում հրապարակված հոդվածում:
Վերջինս նշել է, որ Էրդողանն իր նախընտրական ելույթների ժամանակ օգտագործում է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կադրերը՝ բացահայտ ահաբեկելով նորզելանդացիներին և ավստրալացիներին. «Ձեր նախնիները եկան, նրանցից ոմանք հետ դարձան դագաղներում: Եթե դուք գաք ինչպես ձեր նախնիները, վստահ եղեք, որ կհեռանաք նրանց նման»:
Թանկյանը շեշտում է, որ Նոր Զելանդիան ԱՄՆ չէ, և նրանք պետք է ասեն «ոչ» Էրդողանին, եթե վերջինիս կառավարությունը փորձի արտոնություններ տրամադրել ԱԳ նախարար Ուինսթոն Պիտերսին կամ կաշառք տալ՝ առաջարկելով ավելի շատ ապրանքներ և ծառայություններ:
«Բռնապետերի հանդարտեցումը միշտ հանգեցնում է այս կամ այն երկրում մարդու իրավունքների հետագա խախտմանը»,-ասել է երաժիշտը:
«Ես մի հարց ունեմ ողջ աշխարհում որոշում կայացնողներին. ի՞նչ է պետք ձեզ հասկանալու համար, որ մի բռնակալ, որը բանտարկում է լրագրողներին, ընդդիմության առաջնորդներին և փոքրամասնություններին, հասանելիություն է ապահովել ԻՊ-ի համար Ստամբուլի հիվանդանոցներում և սրճարաններում, հեռացրել է ավելի քան 100 000 ուսուցչի, ոստիկանի և ակադեմիկոսների և խստիվ հերքում է հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը և կշարունակի ապակայունություն ստեղծել ողջ տարածաշրջանում և աշխարհում: Իսկապես, ինչի՞ եք դուք սպասում: Գուցե ևս մեկ ցեղասպանությա՞ն», - գրել է Թանկյանը:
Նորզելադնական News Hub կայքում հրապարակված իր հոդվածում Թանկյանը հիշեցրել է, որ Թուրքիայի կառավարությունը Էրդողանի ղեկավարման ներքո տարեցտարի ծախսում է միլիոնավոր դոլարներ Վաշինգտոնում և աշխարհի մյուս մայրաքաղաքներում Հայերի Ցեղասպանությունը ճանաչելու դեմ լոբինիգին ուղղված: