Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամները փամփուշտների պակաս ունեն մարզումների ժամանակ և չեն մասնակցում բավականաչափ միջազգային մրցաշարերի:

Մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը մենք ուսումնամարզական հավաք անցկացրեցինք, որի ժամանակ մարզիկների արդյունքներից գոհ էի, բայց մրցման ժամանակ նրանց արդյունքներից գոհ չեմ: Նրանք ավելիին էին պատրաստ: Մարզիկներին փորձի պակասը խանգարեց՝ լավ արդյունք գրանցելու համար: Քանի որ շատ մրցաշարերի չենք մասնակցում, արդյունքներն էլ այսպես են լինում»,-ասաց մարզիչը:

Ըստ Նիկողոսյանի, մարզիկները գոնե 4-5 միջազգային մրցաշարի պետք է մասնակցեն` չհաշված պաշտոնական մրցաշարերը: «Ուսումնամարզական հավաք անցկացնում ենք այստեղ, որը նույն արդյունքը չի տալիս, ինչ դրսում կազմակերպածը: Դրսում մարզիկները նոր զենքերի հետ են ծանոթանում, որակյալ փամփուշտներով են կրակում: Սակայն այժմ մարզադպրոցներից մի քանիսում պարզապես փամփուշտ չկա: Երևանի հրաձգության մարզադպրոցում փամփուշտ չկա»,-ասաց նա:

Նիկողոսյանի խոսքով` հրաձիգներին հոգեբաններ են պետք, քանի որ մարզիկները երիտասարդ են, և դժվարությամբ են հաղթահարում հուզմունքը, այնինչ՝ մարզումների ժամանակ կարողանում են բարձր արդյունքներ գրանցել: «Հրաձիգները մեծ ներուժ ունեն, և կարող ենք Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցել 3-4 մարզիկով: Սակայն,եթե շարունակենք այս տեմպով` ունենալով զենքի և փամփուշտի պակաս, ապա բարդ կլինի»,-եզրափակեց մասնագետը:

Առաջիկայում կկայանա Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարը, որից հետո թիմը մայիսին կմասնակցի Մյունխենում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Օգոստոսին` աշխարհի գավաթի խաղարկության մեկ այլ փուլ կկայանա Բրազիլիայում, որին ևս հայ մարզիկները կմասնակցեն: Գավաթի խաղարկությունները վարկանիշային են Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: