«Բանակում տիրող անկարգությունները ժամանակի ընթացքում իսպառ պիտի վերանան, բացառվեն բանակում»- այս մասին այսօր` մարտի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` անդրադառնալով Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպին: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե կարելի՞ է համարել, որ բանակում վերահսկողությունը թուլացել է, եթե զինվորները կարողանում են փախչել զորամասից, կամ ծաղկամանում կանեփ աճեցնել, շրջանառվում է նաև լուր, որ դրան մասնակից է եղել գեներալներից մեկի որդին, նա տեղյա՞կ է, թե որ գեներալի մասին է խոսքը, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, ես մի բան գիտեմ, որ բանակում գողական բարքերն ու անկարգությունները պիտի վերացվեն, նման արարքները պիտի օրենքով պատժվեն, սովետական բանակը ինչո՞ւ փլուզվեց, որովհետև կաշառքը մտավ բանակ, այնինչ այդ բանակը աշխարհի հզորագույն բանակն էր»։

Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկում ծաղկամանի մեջ կանեփ են աճեցրել, ինչը բացահայտվելուց հետո նրանք ինքնակամ լքել էին զորամասը՝ այդպիսով իրենց բողոքը հայտնելով։ Այնուհետև երթ էին արել՝ իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին։

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ