Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացրին քաղաքական ուժի լրատվական ծառայությունից, հայտարարության մեջ ասված է.
««Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումը: Համոզված ենք՝ քաղաքական երկխոսությունը կարևոր նախապայման է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Այս առումով մենք բարձր ենք գնահատում... հանդիպման ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության վերահաստատումը և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման պայմանավորվածության ձեռքբերումը, որը հստակ արձանագրվել է այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ տարածած հայտարարության մեջ: Կարծում ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար ևս մեկ քայլ պետք է դառնա բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»: