«Հրապարակ» թերթը գրում է.

«Արմեն Սարգսյանը, տեղափոխվելով նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այս շենքում։ Ուստի որոշել է նախագահականը թարմացնել, կոսմետիկ նորոգում անել՝ համապատասխանեցնելով իր ճաշակին ու պահանջներին։ Եվ դա, բնականաբար, անելու է բյուջեի հաշվին, այնպես, ինչպես բյուջեի հաշվին ձեռք բերեց նոր ու շքեղ Mercedes-Maybach-ը։

Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը մտադիր է նախ հրաժարվել այն կաբինետից, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր նստում, նրանից առաջ էլ՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ տեղափոխվել այլ աշխատասենյակ։ Բացի այդ, բրիտանական նուրբ ու արիստոկրատ ճաշակ ունեցող նախագահին դուր չի գալիս նախագահականի ոսկեզօծ, թանկ ու ձեւավոր նախշերով նորոգումը, ուստի մտադիր է նորոգել այն՝ ավելի ավանգարդ ոճ հաղորդելով դահլիճին ու առհասարակ շենքին։

Մեր տեղեկությունները նորոգումների մասով նախագահականից չհերքեցին․ «Հանրապետության նախագահն օգտագործում է նախագահական նստավայրի վարչական շենքի Հայաստանի Հանրապետության նախագահի համար նախատեսված աշխատասենյակները: Տարվա ընթացքում ծրագրվում է ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցների շրջանակում եւ հնարավոր տնտեսումների հաշվին մասնակի վերանորոգում իրականացնել հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի ընդհանուր օգտագործման տարածքներում՝ հատկապես միջանցքներում եւ դահլիճներում, որտեղ անցկացվելու են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում